Zark Foundation

Սուրեն Ռշտունի

Սուրեն Ռշտունի

Ռեժիսոր

29 հուլիս, 1951 - 19 հունիս, 2020

Ծնվել է Երևանում: 1969թ. ավարտել է Երևանի Հ.Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցը: 1969թ-ից աշխատել է Հայաստանի Հեռուստառադիոյի պետկոմում` որպես ռեժիսորի օգնական, 1971թ-ից` ռեժիսորի ասիստենտ, 1976թ-ից` ռեժիսոր: 10 տարի անընդմեջ եթեր է հեռարձակել «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը, որն արժանացել է պետական մրցանակի: Որպես ռեժիսոր հեղինակել է մի շարք գրական, գեղարվեստական, սպորտային հաղորդումներ և անգլերեն լեզվի բեմադրություններ: 1986-89թթ հեռակա կարգով սովորել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի դպրոցական բաժնում: 1991-2004թթ եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ամանորի ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսորը: 1995թ., ֆրանսիական կառավարության հովանավորությամբ, գործուղվել է Փարիզ, որտեղի «Sirnea» կենտրոնում անցել է ռեժիսորական բարձրագույն կուրսեր: Ստանալով ռեժիսորի բարձր որակավորում` վերադարձել է Երևան և շարունակել աշխատանքը Հայաստանի ազգային հեռուստատեսությունում` որպես գլխավոր ռեժիսոր: Եղել է մի շարք տեսաֆիլմերի հեղինակ և ռեժիսոր` «Սիրված երգեր» (1997թ.), «Գարնանային պատմություններ» (1998թ.), «Մենք ենք, մեր հայերը» (1998թ.), «Ձմեռային գիշերվա հեքիաթը» (1999թ.), «Սիրո աստղ» (2004թ.), «Բաղնիքի ճակատագիրը կամ հեգնանքդ անուշ» (2010թ.) և այլն: 4 տարի շարունակ ուղիղ եթեր է հեռարձակել «Կեսգիշերային ճեպընթաց» և «Շաբաթ երեկո» հաղորդաշարերը: 2006թ. եղել է «Հեռուստառադիոյի 50/80 ամյակ» համերգային նախագծի հեղինակն ու ռեժիսորը, 2007թ.` «4-րդ համահայկական խաղերի» կազմակերպիչն ու ռեժիսորը, 2008-09թթ` Հանրային հեռուստատեսության «Շաբաթ երեկո» հաղորդաշարի գլխավոր ռեժիսորը, 2007-10թթ` «2 աստղ» ժամանցային ծրագրի բեմադրող ռեժիսորը, 2008թ.` Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի 85-ամյակի հանդիսավոր միջոցառման գլխավոր ռեժիսորը, 2010թ.` «Սիրված երգեր` Մհեր և Սոնա Շահգելդյան» համերգի բեմադող ռեժիսորը և Ստեփանակերտի մարզադաշտում կազմակերպված Արցախի և բանակի տարեդարձին նվիրված հանդիսության գլխավոր ռեժիսորը: 2010թ-ից եթեր է հեռարձակել «Աշոտ Ղազարյանը հրավիրում է» ժամանցային հաղորդաշարը: Եղել է նաև Ս.Երիցյանի «Հեռուստատեսային մասնագիտություններ: Կրթությունից մինչև վարպետություն» գրքի «Ռեժիսորը պետք է տիրապետի հեռուստատեսային բոլոր մասնագիտությունների գաղտնիքներին» հոդվածի հեղինակը: 2007թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, եղել է Հեռուստաֆիլմերի և հեռուստածրագրերի ռեժիսուրա կուրսի ղեկավարը: 2013թ. «4-րդ համահայկական խաղերի» կազմակերպման համար ՀՀ նախագահի կողմից ստացել է պատվոգիր-շնորհակալագիր: 2006թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: