Ծնվել է Բաքվում: Եղել է բեմանկարիչ Սարգիս Սաֆարյանի որդին: 1942թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1952թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1962թ-ից դասավանդել է նույն ինստիտուտում (1978-ից` պրոֆեսոր): 1969-82թթ եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության նախագահը: Առաջին շրջանի գործերը կրել են Հայրենական Մեծ պատերազմի մասնակից նկարչի վերհուշ-տպավորությունների կնիքը («Հայրենի մեղեդիներ», 1956թ.): Պատերազմի թեման արտահայտվել է նկարչի ստեղծագործական կյանքի տարբեր շրջաններում («Ազատարարները», 1960թ., «1945-ի գարնանը», 1964թ., «Կռունկներ», 1979թ.): 1971թ. պարգևատրվել է Վ.Գրեկովի անվան արծաթե մեդալով: 1960-ական թվականներից ավելի հաճախ է անդրադարձել մարդու և ժամանակի, ընդհանրապես հայ ժողովրդի պատմական ճակատագրի թեմային` «Հանուն գալիքի» (1960թ.), «Սայաթ-Նովա» (1963թ.), «Տաթևի ողբերգությունը» (1967թ.), «Լեռների պարը» (1972թ.), «Հինավուրց հուշարձաններ» (1973թ.), «Եռանկյունի նամակներ» (1980թ.): Գործերին բնորոշ են քաղաքացիական շունչը, բանաստեղծական նուրբ ինտոնացիան` համակված պլաստիկ ձևերի ու գունաշարի հուզաարտահայտչական տարրերով: Ստեղծել է նաև դիմանկարներ` «Եղիշե Չարենց» (1959թ.), «Ձկնորս Արշակը» (1962թ.), «Պարտիզպան Մանուկյանը» (1966թ.), «Սիկեյրոսը Հայաստանում» (1973թ.), բնանկարներ` «Չինար» (1963թ.), «Գարուն» (1969թ.), «Արարատը գարնանը» (1971թ.), արտասահմանյան ճանապարհորդությունների թեմաներով գեղանկարչական և գրաֆիկական գործեր, կատարել գրքերի ձևավորումներ: Մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Էջմիածնում (1969թ.), Լենինականում (Գյումրի), Դիլիջանում (1970թ.), Երևանում (1974թ., 1981թ.), Մոսկվայում (1981թ.), Սիրիայում (1982թ.): Գործերը գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում: Եղել է ՀԽՍՀ 7-րդ և 10-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: 1977թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: