Ծնվել է 1983թ. մարտի 26-ին, Երևանում: Ռեժիսոր, բեմադրիչ Արմեն Սաֆարյանի որդին է, գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանի թոռը: 2000-06թթ սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժնում: 2004թ-ից մասնակցել է հանրապետական ցուցահանդեսների։ Եղել է մի շարք ցուցահանդեսների և նախագծերի կազմակերպիչ և կազմակերպիչ խմբի անդամ, որոնցից են՝ թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդես նվիրված «Շորժա» հանգստյան տան 35-ամյակին, Եվրասիական զարգացման բանկի կողմից հրատարակած «Արվեստը, համախմբում է մայրցամաքը» կատալոգին նվիրված ցուցահանդես, 1998-2013թթ մի շարք տիկնիկային և բացօթյա տոնախմբություններ, «Այո երեխաներին» համաշխարհայաին շարժում և այլն: Վավերագրական ֆիլմերից են՝ «Սուրեն Սաֆարյան» (2006թ.), «Ուսուցիչն ու աշակերտը» (2009թ.), «Շորժա. գույնի և գեղեցկության հանգրվանը» (2010թ.): Մասնակցել է մի շարք միջազգային խմբակային ցուցահանդեսների Բեռլինում, Փարիզում, Թբիլիսիում, Պեկինում, Մոսկվայում, Ֆլորենցիայում, Աշխաբադում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (2006թ., 2016թ.), Լյուբլյանայում (2010թ.), Բուդապեշտում (2012թ.)։ 2008թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2002թ-ից՝ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության (UNIMA) անդամ, 2009թ-ից՝ Մոսկվայի պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության անդամ, 2010թ-ից՝ աշխարհի հայ նկարիչների միավորման անդամ, 2012թ-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ։ 2010թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման համանախագահը, 2013թ-ից՝ Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ: Արժանացել է մրցանակների, դիպլոմների, շնորհակալագրերի, իսկ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի նկարիչների միության կողմից հայտարարված կերպարվեստի բնագավառում երիտասարդ ստեղծագործողների լավագույն աշխատանքների «Մրցանակաբաշխություն-2011»-ի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսում՝ առաջին մրցանակին։ 2018թ-ից ղեկավարում է Հայաստանի նկարիչների միությունը: