Ծնվել է Թիֆլիսում: Եղել է հրապարակախոս Սպանդար Սպանդարյանի որդին, Կոմունիստական կուսակցության ականավոր գործիչ, պրոֆեսիոնալ հեղափոխական: հայտնի է եղել նաև «Տիմոֆեյ» անունով: 1902թ. ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան: 1902-03թթ սովորել է Մոսկվայի պետական համալսարանի պատմաբանասիրական, 1905-06թթ՝ իրավաբանական ֆակուլտետներում, հաճախել Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանի պարապմունքներին: Տիրապետել է հայերենի, ռուսերենի, վրացերենի, ադրբեջաներենի, գերմաներենի և այլ լեզուների: Եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միության կոմիտեի կազմում: 1906թ. օգոստոսին Ստեփան Շահումյանի հետ ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը: Ղեկավար մասնակցություն է ունեցել Անդրկովկասի բոլշևիկյան մամուլի ստեղծման ու զարգացման գործում: Ս.Շահումյանի և Ս.Կասյանի հետ խմբագրել է «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» հայկական բոլշևիկյան թերթերը և գրել բազմաթիվ հոդվածներ: 1907թ. սկզբին կուսակցական աշխատանքի է ուղարկվել Բաքու, ընտրվել է Բաքվի կոմիտեի անդամ և քաղաքի կուսակցական կազմակերպիչ: Մասնակցել է «Բակինսկի ռաբոչի», «Գուդոկ» (երկուսն էլ՝ ռուսերեն) և այլ թերթերի հրատարակությանը: Քանիցս ձերբակալվել է, իսկ 1909թ. օգոստոսին աքսորվել Բաքվի նահանգից: 1910թ. հունվարից գործել է Թիֆլիսում, ղեկավարել «Կուրյեր կոպեյկա», «Լիստոկ կոպեյկա» (երկուսն էլ՝ ռուսերեն) և այլ լեգալ թերթեր, աշխատակցել է բոլշևիկյան «Զվեզդա» (ռուսերեն) լրագրին: 1912թ. հունվարին, որպես Բաքվի կազմակերպության պատգամավոր, մասնակցել Է ՌՍԴԲ(բ)Կ 6-րդ (Պրահայի) կոնֆերանսին: Ընտրվել Է ՌՍԴԲ(բ)Կ կենտկոմի և նրա ռուսաստանյան բյուրոյի անդամ: Կոնֆերանսից հետո մեկնել է Լայպցիգ, մասնակցել ՌՍԴԲ(բ)Կ կենտկոմի ու Պետական դումայում խմբակցության ներկայացուցիչների խորհրդակցությանը: 1912թ. վերադարձել է արտասահմանից, մասնակցել 4-րդ Պետական դումայի բոլշևիկյան նախընտրական քարոզարշավին, Թիֆլիսում կազմակերպել ընդհատակյա տպարան: 1912թ. մայիսին ձերբակալվել և բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում: 1913թ. մայիսին դատապարտվել է ցմահ աքսորի՝ Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաք, որտեղ էլ մահացել է: Խորհրդային տարիներին Սուրեն Սպանդարյանի անունով են կոչվել փողոցներ, դպրոցներ, թաղամասեր, գյուղեր Հայաստանում և այլ երկրներում: Նրա անունով է կոչվում Երևանի թիվ 24 հիմնական դպրոցը: