Zark Foundation

Սուրեն Ստեփանյան

Սուրեն Ստեփանյան

Գեղանկարիչ

23 մայիս, 1915 - 18 հունվար, 1977

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1937թ. ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումը (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), 1938թ.` Լենինգրադի գեղարվեստամանկավարժական ուսումնարանը: 1940-43թթ դասավանդել է Լենինականի Ս.Մերկուրովի անվան նկարչական դպրոցում: 1943-45թթ որպես ձեավորող նկարիչ աշխատել է Լենինականի Ն.Կրուպսկայայի անվան, 1945-46թթ` Երևանի Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոններում: Ստեղծագործել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում: Ձևավորել և նկարազարդել է մոտ 300 գիրք, աշխատակցել տարբեր պարբերականների: Նկարչին բնորոշ են ստեղծագործական վառ երևակայությունն ու գեղարվեստական հնարքների բազմազանությունը: Լավագույն գործերից են` «Հին Լենինական» (1958թ.), «Իմ հեքիաթը» (1959թ.), «Դրսում ձմեռ Է» (1964թ.) գեղանկարները, «Երգ» (1969թ.), «Սեդա» (1970թ., երկուսն էլ` փայտ) քանդակները, «Նկարիչ Ռաֆայել Շիշմանյանի դիմանկարը» (1960թ.), «Աշուն» (1975թ.) գրաֆիկական թերթերը, Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (1948-50թթ), «Պույ-պույ մուկիկը» (1974թ.), Պ.Սևակի «Եղիցի լույս» (1969թ.) գրքային ձևավորումները, «Ինքնանկար» (1959թ.), «Չիկ Տամատյան» (1960թ.), «Սուրեն Չիլինգարյան» (1960թ.) ընկերական շարժերը, Հ.Պարոնյանի«Պաղտասար աղբար» բեմանկարները (1963թ., Երևանի Գ.Սունդուկյանի անվան և Մոսկվայի Ս.Երմոլովայի անվան թատրոններում): 1943թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: