Ծնվել է Նախիջևանի գավառի Աստապատ գյուղում (այժմ՝ Ադրբեջանում): 1856թ. ավարտել է Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցը։ 1869թ-ից եղել է վարդապետ, 1875թ-ից՝ եպիսկոպոս, 1893թ-ից՝ արքեպիսկոպոս, 1888-91թթ՝ Սինոդի անդամ, 1869-72թթ՝ Ախալցխայի, 1872-74թթ, 1875-77թթ՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի), 1881-83թթ՝ Նոր Նախիջնանի (այժմ՝ Դոնի Ռոստով), 1883-86թթ՝ Աստրախանի, 1888-90թթ, 1899-1903թթ՝ Երևանի, 1893-95թթ՝ Ատրպատականի (այժմ՝ Ադրբեջան) հայոց թեմերի առաջնորդը։ 1860-63թթ դասավանդել է Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցում, 1874-75թթ, 1895-99թթ՝ Գևորգյան ճեմարանում, որտեղ եղել է ճեմարանի տեսուչը, 1897-99թթ՝ «Արարատ» ամսագրի խմբագրապետը։ Կողմնակից է եղել հայ դպրոցական կյանքի բարելավմանը, պայքարել է հայ եկեղեցու ներքին գործերին միջամտելու, եկեղեցական գույքի բռնագրավման, հայկական դպրոցները փակելու ցարական կառավարության քաղաքականության դեմ։ Հակակառավարական ելույթների համար 1891-93թթ աքսորվել է Օրյոլ, 1903-05թթ՝ Օրենբուրգ։ Նրա նյութական օժանդակությամբ են իրականացվել «Պատմագիրք Հայոց» մատենաշարի հատորների (Ղազար Փարպեցի, 1904թ., Ագաթանգեղոս, 1909թ., Մովսես Խորենացի, 1913թ.), Սահակ Ամատունու «Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ» (1911թ.) ուսումնասիրության, Գրիգոր Կամախեցու «Ժամանակագրության» (1915թ.), Մաղաքիա Օրմանյանի մի շարք երկասիրությունների տպագրությունը, Էջմիածնի տպարանի շինարարությունը և այլն։ Խոշոր գումար է կտակել հայ հին մատենագիրների երկերի (շուրջ 40) քննահամեմատական բնագրերը հրատարակելու համար (այդ ծրագիրն իրագործվեց միայն մասամբ)։ Հայոց եկեղեցու պատմության հարցերին նվիրված նրա երկասիրությունները կարևոր սկզբնաղբյուրներ են նաև 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ հասարակական կյանքի, դպրոցական գործի ուսումնասիրության համար։ Մահացել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին):