Ծնվել է 1986թ. փետրվարի 2-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Մայակովսկու անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը: 1993-2002թթ սովորել է «Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային» մասնագիտական դպրոցում, 2002-07թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-արվեստի բաժնում: 2010թ. ավարտել է նույն բուհի ասպիրանտուրան՝ ստանալով «մեներգեցողություն» մասնագիտության որակավորում: 2011թ-ից աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես թատերախմբի մեներգիչ: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Հ.Պարոնյանի «Ատանաբույժն արևելյան», Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին», «Չարենց» և այլն: Նույն թատրոնում ստանձնել է գլխավոր դերը հետևյալ ներկայացումներում՝ Տ.Չուխաճյանի «Կարինե» օպերետ (Կարինե), Ա.Այվազյանի ու Գ.Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի» օպերետ (Նազիկ): 2012թ-ից աշխատում է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբում՝ որպես երգչախմբի արտիստ: Հյուրախաղերով հանդես է եկել Ստամբուլի, Բեյրութի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի բեմերում: 2015թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգչուհի: «Կարմեն» օպերայում ստանձնել է «Միքայելայի» դերը (2015թ.): Մասնակցել է մի շարք միջազգային փառատոների, արժանացել տարբեր մրցանակների: Տաթևիկ Սազանդարյանի անվան մրցույթում Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից արժանացել է Հատուկ մրցանակի (2006թ.): Մասնակցել է նաև «Վերածնունդ» (2010թ.), Մոսկվայի «Կարոտ» (2008թ.) միջազգային փառատոներին, Միջազգային օպերային մրցույթի (2016թ.): «Նոր օպերային աշխարհ» նախագծի՝ Մոսկվայում կայացած մեկամսյա կուրսերի շրջանակներում մասնակցել է Ռ.Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի բեմադրմանը և հետագայում խաղացել գլխավոր՝ Նեդդայի դերը (2016թ.): 2016թ. «Ուշ լինի, նուշ լինի» ներկայացման Նազիկի դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ որպես «գլխավոր դերի դեբյուտ»: