Zark Foundation

Սոֆի Ավագյան

Սոֆի Ավագյան

Թարգմանիչ

Ծնվել է 1930թ. դեկտեմբերի 29-ին, ՀՀ Օշական գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում)։ 1954թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը։ 1956-59թթ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում` որպես սրբագրիչ: 1960-64թթ եղել է նույն ամսագրի արտահաստիքային գրական աշխատող, 1965-70թթ` ամսագրի գեղարվեստական արձակի բաժնի վարիչը, 1971-74թթ` «Գրական թերթի» խմբագրության ինֆորմացիայի բաժնի վարիչը, 1974-75թթ` «Սովետական գրականություն» ամսագրի գեղարվեստական բաժնի վարիչը։ 1975-ից եղել է ՀԳՄ գրական կապերի բաժնի վարիչը։ 1976թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է։ Աշխատանքի բերումով կապեր է հաստատել արտասահմանյան և ԽՍՀՄ երկրների զանազան հրատարակչությունների, խմբագրությունների և առանձին գրողների հետ, նրանց խնդրանքով կազմել է հայ գրողների արձակ և չափածո ստեղծագործությունների ժողովածուներ։ Աշխատանքին զուգընթաց կատարել է թարգմանություններ, գրել բազմաթիվ հոդվածներ, գրախոսություններ՝ թարգմանության արվեստի վերաբերյալ։ Հեղինակել է շուրջ 15 թարգմանական գիրք: Ռուսերենից և ֆրանսերենից թարգմանել է Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» (1961թ.), Չինգիզ Այթմատովի «Բարդի իմ, կարմիր գլխաշորով» (1965թ.), «Եվ դարից երկար ձգվում է օրը» (վեպ, 1983թ.), «Չալիկ շուն, որ վազում ես ծովի եզրով» (վիպակ, 1983թ.), Անրի Թրուայայի «Սգավոր ձյունը» (վիպակ, 1973թ.), «Էգլեթիերների ընտանիքը» (վեպ, 1980թ.), Ալեն-Ֆուրնիեի «Երկար Մոլնը» (վեպ, 1978թ., 2013թ.), Բորիս Վիշինսկու «Ստվերներ և ծարավ» (1981թ.), Գի դը Մոպասանի «Ձիթենու այգին» (նովելներ, 1985թ.), Անրի Վեռնոյի «Մայրիկ» (1989թ.), Անրի Մատիսի «Հոդվածներ, նամակներ, զրույցներ» (1999թ.), Էլի‎‎ Ֆորի «Արվեստի պատմություն, վերածնվող արվեստ» (3-րդ հատոր, 2008թ.) և այլ երկեր: