Zark Foundation

Սոֆի Դևոյան

Սոֆի Դևոյան

Պարուհի, պարուսույց, դերասանուհի

Ծնվել է 1949թ. հուլիսի 8-ին, Երևանում: 1951թ. ընտանիքով տեղափոխվել է Օրենբուրգի շրջանի Բուզուլուկ քաղաք, որտեղ ընդունվել է միջնակարգ դպրոց: 1961թ. ընտանիքով վերադարձել է Երևան: 1961-67թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժնում: 1967թ. ընդունվել է Հայաստանի Պարի պետական համույթ, որտեղ շուրջ 25 տարի պարել է` որպես մենակատար, իսկ 1986թ-ից եղել է համույթի պարուսույցներից: Ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր երկրների բեմերում` Օլիմպիա, Գրանդ Օպերա, Մետրոպոլիտեն Օպերա, Կարնեգի Հոլլ և այլն: Պարի պետական համույթի պարացանկում պարել է «Սուսերով պար», «Շալախո», «Ուզունդարա», «Սայաթ-Նովա», «Ադրբեջանական», «Խաղողի պար», «Գնչուական», Ա.Խաչատրյանի «Սյուիտ», «Չինարես», հայակական ժողովրդական և այլ պարեր: Լոնդոնում «Ղարաբաղի եղնիկ» պարի շնորհիվ հռչակավոր բալետմայստեր Ջորջ Բալանչինի կողմից արժանացել է «Հայկական կարապ» կոչման: 1973թ. նկարահանվել է «Կամոյի վերջին սխրանքը» ֆիլմում: 1992թ. ստեղծել է «Պարի և հոգու թատրոնը»: Բեմադրել է մի քանի բեմադրություններ` «Կոմիտասը մեր աչքերով», «Ամարաս», «Ընդդիմություն», «Ազնավուրյան ակնթարթներ», «Ես հավատում եմ», սյուիտ նվիրված Սերգեյ Փարաջանվին և շուրջ 800 պարային համար: Պարարվեստի ուսումնարանի տնօրեն Թերեզա Գրիգորյանի պատվերով, բեմադրել է «Սամսարա» պարը` միջազգային փառատոնի համար, որը տեղի է ունեցել Շվեյցարիայի Լոզան քաղաքում և ընդգրկվել է լավագույն բալետմայստերների տասնյակում: Դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ հյուրախաղերով հանդես է եկել Բեյրութում: 2005թ. նկարահանվել է նրանց համատեղ տեսահոլովակը: 1995թ. ստեղծել է նոր ոճ, որտեղ չկա զգեստ, դեմք կան միայն ոտքեր և ձեռքեր: Այդ ոճի մեջ արտացոլվում է հայկական մանրանկարչությունը և փիլիսոփայությունը: 1994թ. ստեղծել է մշակույթի կենտրոն, որտեղ գործում են բազմաթիվ պարային խմբակներ, ինչպես նաև մանկական անսամբլներ: 2009թ-ից համագործակցել է «Արմենիա» հեռուստաընկերության հետ, որտեղ խաղացել է մի քանի հեռուստասերիալներում` «Կյանքի գինը» (2009թ.), «Վերադարձ» (2010թ.), «Բախտաբեր» (2015թ.), «Խաչվող հետքեր» (2015թ.) և այլն: 2011-12թթ վարել է «ATV» հեռուստաընկերության «Արի ամուսնանաք» հեռուստանախագիծը: 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2009թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի: