Ծնվել է 1969թ. հոկտեմբերի 11-ին, Երևանում։ 1983թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցը (պրոֆեսոր՝ Նինա Գևորգյանի դասարան), 1993թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը (պրոֆեսոր Նինա Գևորգյանի դասարան), 1995թ.՝ նույն բուհի ասպիրանտուրան: 1995թ. դարձել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային կվինտետի դաշնակահար, որի հետ համերգներով ներկայացրել է հայ և արևմտաեվրոպական դասական երաժշտութան գոհարները։ 2002թ-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում, 2021թ-ից՝ ջազ-փոփ ամբիոնում (ջազային իմպրովիզացիա և ջազային անսամբլ): 2005թ. «Liberty of the seas» ջազ-էստրադային նվագախմբի հետ հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում։ 2006թ. Հայաստանի հայտնի երաժիշտների հետ հիմնել է ջազ-ֆոլկ «Հայվեյ» խումբը, որի կազմով համերգներով ներկայացել է Հայաստանի, Ռուսաստանի, Արաբական Միացյալ Էմիրաթների, Քաթարի և այլ երկրների լավագույն դահլիճներում, ներկայացնելով հայ ժողովրդական և համաշխարհային ժամանակակից երաժշտությունը յուրովի գործիքավորումներով։ 2012թ. դարձել է «Կադանս» անսամբլի դաշնակահարը, որի կազմով համերգներով հանդես է եկել Թայլանդում, Արգենտինայում, Եգիպտոսում, Չեխիայում, Լիտվայում, Շվեդիայում, Իսրայելում, Ուկրաինայում, Վրաստանում, Լիտվայում, ԱՄՆ- ում և այլ երկրներում։ Համերգներ է ունեցել համաշխարհային տարբեր հեղինակավոր բեմերում՝ Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան թատրոն», Վաշինգթոնի «Duke Ellington Schools Concert Hall», Պրահայի «Kostel sv. Simona a Judy», Դամասկոսի օպերային թատրոն, Ֆրեզնոյի Քալիֆորնիայի պետական համալսարանի Ֆիլիպ Լորենզ միջազգային համերգասրահ, Վիլնյուսի «Վայդիլոս» թատրոն, Ստամբուլի «Ֆուլիա» արվեստի կենտրոն և այլն: «Կադանս» անսամբլով Բուենոս Այրես «Usina Del Arte» համերգասրահում մասնակցել է Տանգոյի փառատոնին հանրաճանաչ բանդենեոնահար Վալտեր Ռիոսի հետ: Անսամբլի համար գործիքավորել է Կոմիտասի, Ա.Խաչատրյանի, Է.Բաղդասարյանի, Ա.Այվազյանի, Շ.Ազնավուրի, Ռ.Ամիրխանյանի, արևմտաեվրոպական մի շարք հեղինակների պիեսները։ 2021թ. Հայաստանի հայտնի երաժիշտների հետ համատեղ թողարկել է իր «Բրոնզի դար» հեղինակային ալբոմը, որտեղ ներկայացված են իր հեղինակային ստեղծագործությունները։ 2014թ. «Կադանս» անսամբլի կազմով արժանացել է ԼՂՀ մշակույթի նախարարության պատվոգրի և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2014թ. և 2017թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ոսկե մեդալի, 2017թ.՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվոգրի, 2018թ.՝ Ուկրայինայի Զապորոժիե քաղաքի հայկական համայնքի պատվոգրի։