Ծնվել է 1984թ. ապրիլի 8-ին, Երևանում: 1998թ. ավարտել է Երևանի Թելմանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի, այնուհետև` Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժիններում, որն էլ ավարտել է 2002թ.: Մասնակցել է «Դո-Ռե-Մի» մանկապատանեկան մրցույթ-փառատոնին: 2000-03թթ աշխատել է Հայաստանի երգի պետական թատրոնում՝ որպես մեներգչուհի: 2004-10թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում` ավարտելով նաև մագիստրատուրան: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: 2008թ. մասնակցել է Կանն քաղաքում անցկացվող երաժշտական փառատոնին: Երգացանկից հայտնի են՝ «Մամա», «Երազում», «Հայաստանի երգը», «Օրը և ներկան», «Լույս խավարում», «Նայիր իմ աչքերին» և այլ երգեր: Թողարկել է «Կյանքը քո» (2007թ.), «Լույս խավարում» (2009թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է շուրջ 15 տեսահոլովակ: Համերգային շրջագայություններով հանդես է եկել Հայաստանի մարզերում, Արցախում, ինչպես նաև արտերկրում` Իրան, ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Չեխիա, Իսպանիա, Հոլանդիա, Չինաստան, Ռուսաստան: 2011թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին: 2012թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի ժյուրիի անդամ և մարզիչ: