Ծնվել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին): 1902թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը և մինչև 1905թ. դասավանդել այնտեղ, եղել Կոմիտասի օգնական-խմբավարը: 1905-08թթ Բեռլինում Ռ.Շմիդտի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտության տեսություն, խմբավարություն, մշակել է ձայնը, համալսարանում ունկնդրել փիլիսոփայություն և երաժշտության պատմություն: 1908-09թթ որպես երգեցողության ուսուցիչ և խմբավար աշխատել է Շուշիի թեմական դպրոցում, 1909-21թթ՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որտեղ զգալիորեն բարձրացրել է երաժշտական ուսուցման և խմբերգեցողության մակարդակը: Թիֆլիսում ծավալել է երաժշտահասարակական ու լուսավորական գործունեություն՝ նախաձեռնողն ու եռանդուն մասնակիցն է եղել Հայոց երգչախմբային ընկերության (1917թ.), հանդես է եկել հրապարակային դասախոսություններով, հրատարակել է երգեցողության դասագրքեր: 1921թ-ից աշխատել է Հայաստանի դպրոցներում, 1924-33թթ Երևանի կոնսերվատորիայում եղել է տեսական առարկաների դասախոս և խմբավար (1930-31թթ՝ նաև ռեկտոր, 1931-32թթ՝ ուսումնական մասի վարիչ), 1927թ. կոնսերվատորիայի երգչախմբի համերգներով մեծ հաջողությամբ հանդես է եկել Մոսկվայում, ԽՍՀՄ ժողովուրդների արվեստի ցուցահանդեսում: 1926թ-ից ընտրվելով Հայաստանի գիտության և արվեստի ինստիտուտի իսկական անդամ, զբաղվել է նաև ժողովրդական երգեր հավաքելով: Ստեղծագործություններից են՝ «Ախթամար» (ըստ Հ.Թումանյանի) բալլադը երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար և Ա.Իսահակյանի բանաստեղծություններով երգեր (անտիպ), ժողովրդական երգերի մշակումներ («Մեներգեր և խմբերգեր», 1955թ.), որոնցից մի քանիսը՝ «Թխկոնդա», «Պիլիբի», «Ծամթել», «Քելեր, ցոլեր», հաստատուն տեղ են գրավել երգչախմբային երկացանկերում: Երաժշտապատմական և տեսական աշխատություններում («Հունական ազդեցությունը հայ երաժշտության տեսականի վրա» (1914թ.), «Հայ ժողովրդական երգի գամմաներ» (1930թ.), «Կոմիտասիստեղծագործությունների անալիզը» (1932թ.) տեղ են գտել մեթոդաբանական և Փաստական էական վրիպումներ: Հայ երաժշտության ամբողջական զարգացումն ամփոփելու մի փորձ է «Ուրվագիծ հայ երաժշտության պատմության» (1935թ.) աշխատությունը: Նրա երաժշտագիտական ժառանգության կարևորագույն հատվածը ժողովրդական երգերի ժողովածուներն են՝ «Շիրակի երգեր» (1917թ., հավաքված 1914թ.՝ Ա.Տեր-Ղևոնդյանի մասնակցությամբ) և «Հայ ժողովրդական երգեր և պարեր» (հատոր 1-2, 1949-52թթ), որոնց նյութերը բազմիցս օգտագործել են կոմպոզիտորներն ու երաժշտագետները: Կազմել և իր առաջաբանով հրատարակել է իր աշակերտ Գ.Գարդաշյանի գրառած «Վանա ժողովրդական երգեր»-ը (պրակ 1-2, 1927-28թթ): Գործնական անգնահատելի նշանակություն է ունեցել նրա կողմից Կոմիտասի«Ազգագրական ժողովածու»-ի հրատարակումը (1931թ.), որը Կոմիաասիհանձնարարությամբ նա արտագրել էր 1904թ., իսկ բնագիրը համարվում էր կորած: Կոմպոզիտորի երաժշտական-ազգագրական, կատարողական և մանկավարժական գործունեությունը նշանակալից ներդրում էր հայ երաժշտության զարգացման մինչսովետական վերջին և սովետական շրջանի առաջին տասնամյակների մեջ: 1933թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: