Zark Foundation

Ստեփանոս Դաշտեցի

Ստեփանոս Դաշտեցի

Բանաստեղծ, գրող

4 հունիս, 1653 - 4 սեպտեմբեր, 1720

Ծնվել է Նոր Ջուղայում: Մինչև Աբբաս 1-ին շահի կազմակերպած բռնագաղթը (1604թ.) նախնիները բնակվել են Գողթն գավառի Դաշտ գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի դպրոցում, ձեռնադրվել սարկավագ, ապա թողել կրոնավորի պաշտոնը և զբաղվել վաճառականությամբ, եղել աշխարհի տարբեր երկրներում։ Ենթադրվում է, որ ուսանել է Հռոմի Ուրբանյան վարժարանում։ Գրել է բազմաթիվ երգիծական-պարսավական և խրատական-իմաստասիրական տաղեր, որոնք պատմական, ազգագրական, բարբառագիտական և բանահյուսական արժեք ունեն։ Գրել է աշխարհիկ բովանդակությամբ 22 հանելուկ՝ կիրառելով հանելուկների ստեղծման նոր հնարանքներ։ Թողել է նաև մի ժամանակագրություն՝ «Կարգ թագավորաց հնդկաց» (մոտ 1719թ., Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան), որտեղ արժեքավոր տեղեկություններ կան 18-րդ դարի սկզբի Հնդկաստանի քաղաքական անցուդարձերի մասին։ Հեղինակել է դավանաբանական-հրապարակախոսական երկեր, որոնցից առավել արժեքավոր են «Սաղախ փշրանաց» (1700թ., Մատենադարան), «Խնդիր ուղղության» (1706թ., Մատենադարան), «Կոչնակ ճշմարտության» (1714-15թթ, մեզ է հասել իրարից էապես տարբեր երկու օրինակով, Մատենադարան) երկերը։ Դրանցում հեղինակը հայտնում է ինքնակենսագրական մանրամասեր, հազվագյուտ տեղեկություններ իր գաղափարական հակառակորդների, անցյալի ու իր ժամանակի նշանավոր դեմքերի ու դեպքերի, տարբեր ժողովուրդների կենցաղի, սովորույթների, կրոնի ու քաղաքական կարգերի մասին։ Իբրև կաթոլիկամետ մտածող, ելնելով Թովմա Աքվինացու գաղափարներից, հակադրվել է հակամիարարականներին (Ալեքսանդր Ջուղայեցի, Հովհաննես Մրքուզ և ուրիշներ)։ Հայ ժողովրդի ազատագրումը պայմանավորում էր կաթոլիկության ընդունմամբ։ Նա մերժել է բողոքականությունը և պաշապանել Հռոմի պապի գերագահությամբ քրիստոնեական աշխարհի միավորման գաղափարը։ Խոսելով 17-18-րդ դարերի սահմանագծում Հայաստանի ծանր կացության մասին, հավատում է իր ժողովրդի վերածննդին, թեև նրա կարծիքով, ազգային անկախության բացակայությունը և օտար լծի տակ գտնվելը հայ ժողովրդին զրկել են արհեստները, արվեստը և գիտությունը լիարժեք զարգացնելու հնարավորությունից, մղել վաճառականի վտանգավոր կենսաձևին։