Zark Foundation

Ստեփանոս Ե Սալմաստեցի

Ստեփանոս Ե Սալմաստեցի

Մատենագիր, եկեղեցական գործիչ

16-րդ դար - 1567

Ամենայն Հայոց 102-րդ կաթողիկոս
Ծնվել է Սալմաստում (այժմ՝ Իրանում)։ Կրթությունն ստացել է Կ.Պոլսում, հմտացել լեզուների (պարսկերեն, թուրքերեն, արաբերեն, լատիներեն և այլն) ուսումնասիրության և աստվածաբանության մեջ։ Մեկնաբանել է Հովհաննեսի Ավետարանը, գրել Քրիստոսի և ավետարանիչների վարքը, տաղեր և այլ գործեր։ Հռչակվել է «քաջ րաբունապետ»։ Վիճակավորի պաշտոն է վարել Այրարատում, Պարսկահայքում և հայկական մի շարք գաղթավայրերում։ Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվելուց (1545թ-ից) հետո, արծարծել է Հայաստանի ազատագրության հարցը, կապեր հաստատել հակաօսմանյան լիգա ստեղծելու միտումով գումարված Տրիտենդյան եկեղեցական ժողովի (1545թ.) հետ։ Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու հարցը քննարկելու նպատակով, 1547թ. Էջմիածնում հրավիրել է գաղտնի խորհրդաժողով։ Նույն թվականին, իրեն աթոռակից նշանակելով Միքայել Ա Սեբաստացուն, գլխավորել է Արևելյան Հայաստանի մելիքների («Տերանց Հայոց») հանձնարարական նամակներով Եվրոպա մեկնող պատվիրակությունը, աջակցություն ստանալու ակնկալությամբ ապարդյուն բանակցություններ վարել Վենետիկի հանրապետության դոժի (1548թ.), Հռոմի Պողոս 3-րդ և Հուլիոս 3-րդ պապերի (1549-50թթ), «Հռոմեական սրբազան կայսրության» կայսր Կարլ 5-րդ-ի (1550թ.) և Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ 2-րդ Ավգուստի (1551թ.) հետ։ Հիասթափված արևմտաեվրոպական տերությունների երկդիմի դիրքորոշումից՝ 1552թ. Ռուսաստանի վրայով վերադարձել է Հայաստան։ 1552թ. Լվովում նրա մահանալու և իբր իր կտակի համաձայն այնտեղ կաթոլիկական ծեսով թաղվելու մասին արտահայտած կարծիքը ժխտվում է հիշատակարանների վկայություններով։ Լվովի հայոց Մայր եկեղեցում նրա անունով կեղծ տապանաքարն ու արձանագրությունը հետապնդել են տեղի հայերին դավանափոխության մղելու նպատակ։