Ծնվել է Թոխաթում (Եվդոկիա): Ականատես է եղել օսմանյան Թուրքիայի արևելյան նահանգներում առաջացած Ջալալիների շարժմանը և թուրք-պարսկական պատերազմի հետևանքով հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանությանը, ինքը ևս հայրենակիցների հետ տարագրվել է։ Հայտնի է, որ 1580թ. կարգվել է քահանա, 1589թ.՝ մեկնել Երուսաղեմ, 1621թ.՝ վերադարձել ծննդավայր։ Կյանքի մեծ մասն ապրել, ստեղծագործել է Կ.Պոլսում (մինչև 1603թ.), ապա՝ Ղրիմի Կաֆա (Թեոդոսիա) քաղաքում (1604թ-ից), Սուրխաթի Սբ. Խաչ վանքում։ Թողել է պատմագրական արժեք ներկայացնող բանաստեղծական բազմաժանր և հարուստ ժառանգություն՝ ողբ, երգիծական ոտանավոր, ներբող, գանձ, հիշատակարան և այլն։ Ստեղծագործության հիմնական նյութը թուրքական լծի տակ ընկած հայ ժողովրդի մի ստվար հատվածի ողբերգական վիճակն է, ազգային ու սոցիալական կեղեքումը, տարագրության մեջ կրած զրկանքները։ Հատկանշական է «Ողբ ի վերա Եվդոկիա մեծի քաղաքին» ծավալուն բանաստեղծությունը, որտեղ իրական մանրամասներով նկարագրվում է վաճառաշահ քաղաքի երբեմնի բարգավաճ կյանքն ու ավերումը։ Երգիծական բանաստեղծություններից ուշագրավ են «Գովասանութիւն Կաֆայու քահանայից վերա»-ն (որտեղ ժողովրդական աշխույժ լեզվով ծաղրվում են եկեղեցական դասի արատավոր բարքերը), ինչպես նաև կենցաղային խնդիրներ արծարծող «Ոտանաւորս և գանկատս լվաննուն և ճանճերուն ի Ստեփանոս Թոխաթցի երիցուէ ասացեալ»-ը։ Հայտնի են նրա «Ողբ վասն տղահասակ ննջեցելոց», «Տաղ ի Կաֆայ», «Ողբ ի վերայ վաղամեռիկ եղբոր իւրոյ Յակոբ քահանայի Եւդոկեացւոյ» և այլ գործեր։ Նրա ստեղծագործությունը պարզ, անպաճույճ ոճի, քնարականության և պատմական հավաստիության շնորհիվ ժամանակին լայն տարածում է գտել։ Ծավալել է գրչագրական գործունեություն՝ ընդօրինակելով մի շարք ձեռագրեր՝ շարակնոց, սաղմոսարան, քարոզգիրք, գանձարան, հայսմավուրք, որոնք պահվում են Վենետիկում, Երուսաղեմում, Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում և այլուր։ Եղել է նաև ուսուցիչ, Թոխաթում և Կաֆայում պատրաստել բազմաթիվ հետեորդ-աշակերտներ (Հովսեփ սարկավագ, Զաքարիա, Հակոբ), որոնց մասին հիշատակում է իր տաղերում։ Մահացել է Թոխաթում: