Ծնվել է Սյունյաց Ծղուկք գավառում: Եղել է Օրբելյանների իշխանական տոհմից, 1287թ-ից՝ Սյունիքի միտրոպոլիտ։ Ստացել է իր ժամանակի համար փայլուն կրթություն։ Հմտացել է հայ դպրության և երաժշտության մեջ, դարձել սաղմոսերգու, 1280թ. օծվել կուսակրոն քահանա։ 1285թ., երբ հայրը՝ Տարսայիճ Օրբելյանը, դարձել է Սյունիքի իշխան, ուղարկվել է Կիլիկյան Հայաստան՝ ձեռնադրվելու Սյունիքի միտրոպոլիտ։ Երեք ամիս հյուրընկալվել է Լևոն Գ թագավորի արքունիքում՝ սպասելով նոր կաթողիկոսի ընտրությանը (Հակոբ Ա Կլայեցին մահացել էր)։ Հայոց նորընտիր կաթողիկոս Կոստանդին Բ Կատուկեցուց ձեռնադրվելով միտրոպոլիտ, 1287թ. վերադարձել է Սյունիք։ Վարելով ճկուն քաղաքականություն, զսպել է Սյունիքի հոգևորականների պառակտչական փորձերը, միավորել Տաթևի ու Նորավանքի առաջնորդարանները և այն ենթարկել իր հոգևոր իշխանությանը։ Նյութական մեծ օգնություն է ցույց տվել գրչության կենտրոններին։ 1297թ. ավարտել է Տաթևի վանքի վերանորոգումը։ Նպաստել է Գլաձորի համալսարանի ստեղծման և բարգավաճման գործին։ Գումարել է եկեղեցական ժողով, որը մերժել է հռոմեական դավանանք ընդունելու Գրիգոր Է Անավարզեցու պահանջը։ Նրա եկեղեցական և քաղաքական գործունեությունը զուգակցվել է գիտական-ստեղծագործական բեղուն աշխատանքով։ Նրա երկերից ամենաարժեքավորը «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունն է։ Նպատակադրվելով գրել Սյունիքի և նրա հոգևոր ու աշխարհիկ տերերի պատմությունը, նախապատրաստական խոշոր աշխատանք է կատարել՝ աղբյուրներից նյութեր քաղելով հայրենի երկրամասի վերաբերյալ։ Ուսումնասիրել է ոչ միայն հայ և օտար պատմիչների երկեր, այլև վավերագրական փաստաթղթեր՝ Հայոց թագավորների և Սյունյաց իշխանների, Հայոց կաթողիկոսների և Սյունյաց եպիսկոպոսների նամակներ, հրովարտակներ, կալվածագրեր, ընծայագրեր, վիմական արձանագրություններ և այլն։ Օգտագործած աղբյուրներին ցուցաբերել է քննական մոտեցում։ Չնայած իր նախորդ պատմիչների նման նա նույնպես շարադրանքն սկսում է աշխարհի արարչությունից, սակայն պատմության այդ առասպելական ժամանակաշրջանին անդրադառնում է շատ համառոտ, նշելով, որ «Փափագելի է մեզ այժմ թողուլ զամենայն սնոտիապաշտում վեպս հնոցն...»։ Այնուհետև տալիս է Սյունիքի տեղագրությունը, որը նորույթ էր հայ պատմագրության մեջ։ Երկի բուն նյութը, ժամանակագրական առումով, ընդգրկում է Հայոց թագավոր Տրդատ Ա-ից մինչև 13-րդ դարի վերջի իրադարձությունները։ Շարադրված են Սյունյաց նախարարության առաջացման, Արշակունյաց և Մարզպանական Հայաստանում նրա խաղացած դերի, Սյունիքում քրիստոնեության տարածման, խոշոր վանքերի տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքի, Սյունյաց թագավորության և հայ Օրբելյանների իշխանության պատմությունը։ Եթե Սյունյաց տոհմի պատմությունը նա հիմնականում քաղել է նախորդ հայ պատմիչների երկերից, ապա Օրբելյաններին վերաբերող գլուխները իր իսկ վկայություններն են։ Ջանացել է հիմնավորել իշխանության համար մղված պայքարում Օրբելյանների նախապատվությունը Զաքարյանների նկատմամբ։ Սակայն նա չի նսեմացրել Զաքարյանների դերը, արժեքավոր տեղեկություններ հաղորդելով ինչպես նրանց, այնպես էլ մյուս ավատատիրական հզոր տների մասին։ Երկը հարուստ նյութ է բովանդակում Կիլիկյան և մայր Հայաստանի, մոնղոլական արշավանքների ու մոնղոլական պետության, Անդրկովկասի (հատկապես Վրաստանի) պատմության վերաբերյալ։ Կազմել և երկում ներկայացրել է Սյունիքի նախարարների, իշխանների ու եպիսկոպոսների, ինչպես նաև Հայոց կաթողիկոսների ժամանակագրությունները։ Երկում եզակի ու մանրամասն տեղեկություններ կան նահանգի հողատիրության, բնական հարստությունների, մշակույթի, դասակարգային և դավանաբանական պայքարի և այլ հարցերի մասին։ Օրինակ, Յուրաբերդի և այլ գյուղերի բնակիչների հակաֆեոդալական ելույթների նկարագրությունը դասակարգային պայքարի ամենավառ պատկերումն է հայ միջնադարյան պատմագրության մեջ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձված վանքերի և ճարտարապետական այլ կոթողների, գրչության կենտրոնների, դպրոցների նկարագրմանը, գիտնականների ու մշակութային այլ գործիչների գործունեությանը։ Ներկայացնում է նաև Սյունիքի բնական պայմանները (օգտակար հանածոներ, հանքային ջրեր, կլիմա, ճանապարհներ և այլն), գավառները, գլխավոր բերդերը, բնակավայրերից գանձվող հարկերի չափերը։ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից հետո, նրա «Պատմութիւն նահանգին Սիսական» երկը երկրորդն է, որտեղ փորձ է արված պատմական նյութին տալ գիտական շարադրանք։ Երկն ամբողջությամբ առաջին անգամ հրատարակել է Կ.Շահնազարյանցը՝ 1859թ., Փարիզում։ Նոր ձեռագրերի համեմատությամբ ու հակիրճ ծանոթագրություններով հրատարակել է նաև Մ.Էմինը Մոսկվայում (1861թ.)։ Մ.Բրոսսեի թարգմանությամբ տպագրվել է ֆրանսերեն (հ.1-2, 1864-66թթ), հատվածաբար՝ նաև ռուսերեն և վրացերեն։ Նրան է վերագրվել նաև ժամանակագրական բնույթի մի երկ, որը Սամվել Անեցու «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց» գործի շարունակությունն է և ընդգրկում է 1193-1290թթ տարեգրությունը։ Այդ գործի հեղինակ է ճանաչվում Ստեփանոս Եպիսկոպոսը։ 1302թ. գրած «Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց» դավանաբանական երկում խիստ դատապարտում է Գրիգոր Է Անավարզեցուն և Կիլիկյան Հայաստանի մյուս այն գործիչներին, որոնք փորձում են միություն հաստատել հռոմեական եկեղեցու հետ, և պաշտպանում է Հայոց եկեղեցու սկզբունքների անաղարտությունը։ «Ողբ ի Ս. կաթուղիկէն» բանաստեղծությունում ողբում է հայկական պետականության կորուստը։ Այս գործում նրա հայրենասիրությունն ստանում է ընդգծված համահայկական բնույթ։ Նա ցիրուցան եղած հայ ժողովրդին կոչ է անում վերադառնալ հայրենիք և վերակենդանացնել այն։ Թաղվել է Ամաղուի Նորավանք եկեղեցու (ՀՀ Վայոց Ձորի մարզում)՝ Օրբելյանների տոհմական գերեզմանատանը։