Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում է նրա կազմած հայկական մի նոր տոմարի բացատրություն։ Իսկ մի ձեռագրում կա այդ տոմարով հաշված բոլորակ, ուր 19 տարիների համար տրված են տարվա վերադիրը, Լուսնի զատկական լրումը և եկեղեցական որոշ տոներ։ Այս տոմարով թվականն ստանալու համար պետք է Հայոց Մեծ թվականից հանել 532։ Փաստորեն նրա տոմարը Հայոց Փոքր թվականի նման սկիզբ է առնում 1085թ-ից։ Տոմարն անշարժ է, նահանջ տարվա լրացուցիչ մեկ օրը ավելացվում է Ավելյաց ամսվա վերջում։ Սրանով հայկական և հռոմեական ամիսների զուգակցությունն ավելի պարզ և նպատակահարմար է (նավասարդի 1՝ մարտի 1), քան Սարկավագադիր տոմարով, որով տարեսկիզբը համապատասխանում էր օգոստոսի 11-ին։ Մյուս առավելությունն այն Է, որ Հայոց Մեծ թվականից 532-ամյա պարբերաշրջան անցնելուց հետո նավասարդի 1-ը համընկնում էր փետրվարի վերջին օրվա հետ, իսկ այս տոմարով՝ մարտի 1-ի հետ, այսինքն անմիջապես շարունակությունն է կազմում։ Սակայն նրա տոմարի մասին տեղեկությունները քիչ են և դժվար է ասել, գործածվել է այն, թե ոչ։