Zark Foundation

Ստեփանոս

Ստեփանոս

Մանրանկարիչ, գրիչ

13-14-րդ դար

Եղել է 13-րդ դարի վերջի և 14-րդ դարի սկզբի Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։ Ապրել և ստեղծագործել է Բզնունյաց գավառի Արճեշ քաղաքում, աշակերտել ծաղկող և դպիր Խաչատուր քահանային (վերջինիս 1298թ. պատկերազարդ մեկ Ավետարանը գտնվում է Սանկտ Պետերբուրգի արևելագիտության ինստիտուտում)։ Նրա երկու ձեռագիր Ավետարաններ պահպանվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում (1292թ., 1303թ.)։ Առավել ամբողջական է 1303թ. ձեռագիրը, չնայած հետագա վերանորոգման ժամանակ խախտվել է թերթերի դասավորությունը։ Նկարների թեմատիկ շարքն ու պատկերագրությունը առնչվում է 10-11-րդ դարերի ավանդների հետ, մանավանդ՝ «Տեմպիետոյի» («Տաղավարիկի») մոտիվի և համաբարբառի աղյուսակների դասավորությունը յոթ էջի վրա։ Նկարչի արվեստին բնորոշ է ճկուն և արտահայտիչ գծանկարը, որը երբեմն հյութեղ, երբեմն՝ թափանցիկ գունահատվածների հետ (բոցեղեն կարմիր, դարչնագույն, կանաչ) ստեղծում է կենդանի շարժում՝ որոշ նյութականություն հաղորդելով կերպարներին։