Zark Foundation

Ստեփան Եղիազարով

Ստեփան Եղիազարով

Օպերային երգիչ

20 դեկտեմբեր, 1864 - 30 հունիս, 1938

Ծնվել է Դաղստանի Դերբենտ քաղաքում (այժմ՝ Ռուսաստանում): Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը։ 1885-89թթ մշակել է ձայնը Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Էրնստ Տալյաբուեի դասարանում: 1889-91թթ սովորել է Կոմիսարժևսկու օպերայի և դրամատիկական ուսումնարանում։ 1891թ. մասնակցել է Յարոսլավլում Ֆեոդոր Կոմիսարժևսկու աշակերտների կազմակերպած օպերային հատվածներից համերգին: Նույն թվականին Թիֆլիսում ելույթ է ունեցել Մ.Իպոլիտ-Իվանովի ղեկավարած օպերային ընկերության խմբի կազմում՝ «Ֆաուստ» օպերայում (հայերեն)։ Երգել է նաև Կազանում (1892-93թթ), Աստրախանում, Վորոնեժում, Նովոչերկասկում, Պերմում, Արխանգելսկում, Կոստրոմայում, Տոմսկում, Պենզայում, Օրենբուրգում, Պետերբուրգում (1893թ. Պանայևսկի թատրոնում, 1898թ. «Արկադիա» թատրոնում): 1897թ. Մոսկվայի Մեծ թատրոնում կատարել է Ամոնասրոյի դերերգը՝ Ջ.Վերդիի «Աիդա» օպերայում։ 1901թ-ից եղել է Պետերբվուրգի Ժողովրդական տան մեներգիչ։ Եղել է նաև Ա.Շաֆերի «Գնչուներ» օպերայի Երիտասարդ գնչուի առաջին մենակատարը, նաև մասնակցել է «Վոլգայի վրա» օպերայի պրեմիերային։ Տիրապետել է ուժեղ և գեղեցիկ հնչողության դրամատիկ բարիտոնի, հստակ արտասանությամբ։ Հաջողությամբ ելույթ է ունեցել նաև բասային դերերգեր։ Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Մ.Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա» (Ռուսլան), Ա.Ռուբենշտեյնի «Դևը» (Դև), Շ.Գունոյի «Ֆաուստ» (Մեֆիստոֆել, Վալենտին), Պ.Չայկովսկու «Օռլեանի կույսը» (Դյունուա), Ջ.Մեյերբերի «Հուգենոտներ» (Իշխան դե Նեվեր), Ժ.Բիզեի «Կարմեն» (Էսկամիլիո), Ջ.Վերդիի «Ռիգոլետտո» (Ռիգոլետտո), «Տրավիատա» (Ժերմոն), «Օթելլո» (Յագո) և այլն: Մահացել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ):