Zark Foundation

Ստեփան Եսայան

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

21 նոյեմբեր, 1929 - 30 հունիս, 2006

Ծնվել է Երևանում։ 1948թ. ավարտել է Երևանի թիվ 8 դպրոցը, 1953թ.՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1953-56թթ աշխատել է Երևանի էքսկուրսիոն վարչությունում։ 1962թ. պաշտպանել է թեկնածուական, 1974թ.՝ դոկտորական դիսերտացիա։ 1956-59թթ եղել է Հայաստանի պատմության պետական թանգարանի գիտաշխատող, 1959-83թթ՝ Հայաստանի ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, 1983-2001թթ՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի վարիչը (1989թ-ից՝ պրոֆեսոր)։ Դեռևս ուսանողական տարիներին մասնակցություն է ունեցել Կարմիր բլուրի (1949-67թթ), Դվինի (1950-59թթ), Լճաշենի (1956-59թթ) պեղումներին։ Հետագայում ինքնուրույն արշավախումբ է գլխավորել Իջևան-Տավուշի (1960-71թթ), Այգևանի (1971-87թթ), Օշականի (1984թ.) հնագիտական պեղումների ժամանակ: Երկարամյա պեղումների արդյունքներն ամփոփված են նրա 150-ից ավելի հոդվածներում և ութ մենագրություններում: Բազմիցս մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային գիտաժողովների: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 8 ատենախոսություն: Հրատարակվել են նրա «Հին Հայաստանի զենքը և ռազմական գործը» (ռուսերեն, 1966թ.), «Հյուսիսարևելյան Հայաստանի հնագույն ցեղերի մշակույթը» (1976թ.), «Հին Հայաստանի քանդակը» (1980թ.), «Հին Հայաստանի բրոնզե գոտիները» (գերմաներեն, 1985թ.), «Հին Հայաստանի սպառազինությունը» (ռուսերեն, 1986թ.), «Օշական» (համահեղինակ, ռուսերեն, 1988թ.) աշխատությունները։ Մահացել է Երևանում։