Zark Foundation

Ստեփան Զաքարյան

Ստեփան Զաքարյան

Դրամատուրգ, արձակագիր

Ծնվել է 1957թ. հուլիսի 18-ին, Երևանում: 1978թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը: 1978-79թթ եղել է Հրազդանի շրջանային մշակույթի տան ժողթատրոնի բեմադրիչ, Աղավնաձոր գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, 1979-81թթ` հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում` բեմադրիչի ընթերակա, 1981-83թթ` «Պիոներ» ամսագրի գրական աշխատող, արձակի բաժնի վարիչը: 1983-93թթ աշխատել է հեռուստառադիոյի պետական վարչությունում` որպես խմբագիր, բաժնի վարիչ, գլխավոր խմբագիր, 1993-95թթ` նույն վարչության նախագահի տեղակալ, 1995-96թթ` Հայաստանի պետական ռադիոընկերության գլխավոր տնօրեն, 1997-98թթ` Երևանի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետը: Գրական ասպարեզ մուտք է գործել 1979թ-ից` «Գարուն» ամսագրում տպագրելով «Ղողանջ» վիպակը: 1991թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հեղինակել է մի շարք պիեսներ, որոնք բեմադրվել են ռադիոթատրոնում, հայկական հեռուստատեսությամբ: Պիեսների է վերածել մի շարք ստեղծագործություններ. հարկ է նշել «Սասնա ծռեր» էպոսի բոլոր ճյուղերի բեմականացումը: Հանրապետական մամուլում տարբեր տարիների տպագրել է բազմաթիվ պատմվածքներ, ակնարկներ, հոդվածներ, բանաստեղծություններ, պամֆլետներ: 1999-2007թթ եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Միասնություն», «Ժողովրդի ձայն», ապա «Արդարություն» դաշինքի պատգամավորական խմբի անդամ: Հրատարակվել են նրա «Իմ փողոցը, իմ լեռը» 1985թ., «Խոր Վիրապ» (պիեսներ, 1995թ.), «Տիեզերքի գաղտնիքները» (համահեղինակ՝ Աիդա Տեր-Կարապետյան, 2005թ.) գրքերը: 2009թ-ից ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է, որտեղ 2012թ-ից նախագահի տեղակալն է։ 2011թ. արժանացել է «Ֆրիտյո‎ֆ Նանսեն» ոսկե հուշամեդալի, 2016թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի։