Ծնվել է Արևելյան Հայաստանի Իգդիր քաղաքում (այժմ՝ Թուրքիայում): Սովորել է Իգդիրի Վարդանյան-Շուշանյան դպրոցում, 1874-83թթ՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Դորպատի, Ցյուբինգենի, Մյունխենի, Ստրասբուրգի համալսարաններում: 1888-89թթ Հունաստանում ուսումնասիրել է դասական լեզուներ: 1891-93թթ և 1896-1914թթ Գևորգյան ճեմարանում ավանդել է հայոց ընդհանուր պատմություն և գերմաներեն: 1893-96թթ դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան և Շուշիի թեմական դպրոցներում, 1920-22թթ եղել է Հայաստանի հանրային գրադարանի վարիչը, 1925թ-ից՝ Հայաստանի գիտության և արվեստի ինստիտուտի (1930թ-ից՝ գիտությունների ինստիտուտ) իսկական անդամ, 1927թ-ից՝ ինստիտուտի գիտական քարտուղարը: Աշխատակցել է հայ և օտար պարբերականներին, գրել հայ ժողովրդի պատմության, ազգագրության, Հայաստանի պատմական աշխարհագրության վերաբերյալ, ինչպես և պատմաբանասիրական ու բանագիտական աշխատություններ, որոնցից են՝ «Ցուցակ հայերեն ձեռագրերի Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր դպրանոցի» (1893թ.), «Lehrbuch der Neuesarmenischen Literatursprachen» (1902թ., «Հայ գրական նոր լեզվի ձեռնարկ», հայագետ Ֆ.Ֆինկի հետ), «Մամիկոնյանց պատմություն» (1906-07թթ, «Արարատ»): Հատկապես արժեքավոր են «Ջոջանց տան Սասմա ծռեր. Դավիթ և Մհեր ազգային ժողովրդական վեպի պատմականը» (1907թ.) և «Ջոջանց տուն կամ Սասմա ծռեր վեպի երեք փոփոխակ» (1910թ.), «Իրանական առասպելները հայոց մեջ» (որում լուսաբանել է հայ-իրանական առասպելների ու դյուցազնավեպերի ընդհանրությունները) գործերը: «Անհայտ գավառներ հին Հայաստանի» (մաս 1, 1914թ.) երկում հայ սկզբնաղբյուրների տեղեկությունների հիման վրա լրացրել, ճշտել է Հայաստանի մի շարք նահանգների ու գավառների տեղադրությունը: Հայագիտության համար արժեքավոր է Գ.Տեր-Մկրտչյանի հետ կատարած Ագաթանգեղոսի «Պաամութիւն Հայոց»-ի (1909թ.) քննություն-բաղդատությունը: Մահացել է Երևանում: