Zark Foundation

Ստեփան Մանուկյան

Ստեփան Մանուկյան

Կինոռեժիսոր

21 ապրիլ, 1901 - 20 հուլիս, 1930

Ծնվել է Լոռիում: 1921թ. Երևանում հիմնադրել է առաջին պատկոմական (պատանի կոմունարներ) ջոկատները, որոնց շնորհիվ բազմաթիվ որբ ու անտուն պատանիներ են հավաքագրվել մանկատներից, փողոցներից և այլ վայրերից, կրթվել ու դաստիարակվել են, ստացել մասնագիտություն: Ակտիվ աշխատանք է տարել նրանց տարածման ուղղությամբ նախ Հայաստանում, ապա` ողջ Անդրկովկասում: 1923թ. ընտրվել է Հայաստանի պատկոմական կազմակերպության կենտրոնական շտաբի պետ: Նույն թվականին կուսակցության Անդրերկրկոմը նրան փոխադրել է Թիֆլիս` կազմակերպելու և ղեկավարելու անդրկովկասյան կոմունիստական պատանեկան շարժումը: Հետագայում ընտրվել է Անդրկովկասյան պատանեկան կոմունիստական Լենինի անվան կազմակերպությունների բյուրոյի նախագահ: 1925թ. աշխատել է ֆիզկուլտուրայի Գերագույն խորհրդում` որպես պատասխանատու քարտուղար: Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել աշխատանքային դպրոցների մայրենի լեզվի նոր դասագրքեր կազմելու գործին: Եղել է պրոլետարական «Նոյեմբեր» գրական խմբերի կազմակերպիչներից մեկը, որոնք հետագայում` 1925թ. միացվել են Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիային: Ծավալել է նաև գրական-գեղարվեստական գործունեություն: Գրել է մանկապատանեկան թատերախաղեր («Ով աշխատի` նա կուտի», «Համր Մաթին» և այլն), որոնք տպագրվել են «Պատկոմ», «Պիոներ» ամսագրերում, «Ավանգարդ» թերթում: Կյանքի վերջին տարիներին աշխատել է Հայկինոյում, որպես կինոբեմադրիչ և կարճ ժամանակահատվածում էկրան է հանել մի շարք ֆիլմեր` «Խասփուշ» (1927թ.), «Հաշիմ» (1928թ.) և այլն: Մահացել է Դիլիջանում, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: