
Հրապարակախոս, լրագրող, թարգմանիչ
4 փետրվար, 1825 - 23 փետրվար, 1901
Ծնվել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա): Ավարտել է ծննդավայրի Մեսրոպյան վարժարանը։ 1846թ. մեկնել է Փարիզ, հաճախել Սորբոնի համալսարան, ունկնդրել է փիլիսոփա Օ.Կոնտին, պատմաբաններ Ժ.Սիմոնին, Ժ.Միշլեին, շփվել Ժ.Բերանժեի և ուրիշների հետ, մասնակցել է ֆրանսիական դեմոկրատ ուսանողության շարժմանը։ 1848թ. փետրվարին մարտնչել է Փարիզի բարիկադների վրա, մասնակցել թագավորական պալատի գրավմանը, իսկ 1849թ. հունիսին՝ ուսանողների հակապապական-հակակառավարական ցույցին։ Հեղափոխական գործունեության համար երկու ամիս բանտարկվել է, որից հետո հարկադրված հեռացել է Ֆրանսիայից։ 1852-54թթ Կ.Պոլսում և Զմյուռնիայում շփվել է առաջադեմ գործիչների հետ, տպագրել (ծածկանունով) «Ներքին համոզումն» (1853թ.) և «Հռոմեական պարգև» (1854թ.) պամֆլետները՝ դատապարտելով հետադեմ կղերականությանն ու պապականությանը։ Մի խումբ համախոհների հետ Փարիզում 1855-56թթ հրատարակել է «Արևելք» հանդեսը։ 1859թ. և 1864-65թթ խմբագրել է «Արևմուտք» կիսամսյա հանդեսը։ Փարիզում ծանոթացել է Միքայել Նալբանդյանի հետ, «Հյուսիսափար»-ից արտատպել է նրա պամֆլետը՝ ուղղված Գ.Այվազովսկու և Հ.Խալիպյանի դեմ, պաշտպանել նալբանդյանական պայքարը, արժանացել մեծ դեմոկրատի ջերմ համակրանքին ու դրվատանքին։ Հայ ժողովրդին կոչ է արել միավորվել, հաղթահարել ազգային ու կրոնական պառակտվածությունը, թոթափել թուրքական լուծը, ի մի գումարվել մայր հայրենիքում։ Նրա համոզմունքով՝ հայ ժողովրդի համար «Հյուսիսեն կփայլի լույսը»։ 1860թ. մեկնել է Իտալիա, Թուրինում խմբագրել «Լ՛Իտալի» («L’ltalie») ֆրանսիական թերթը։ 1865թ-ից հաստատվել է Զմյուռնիայում, Մեսրոպյան և Հռիփսիմյան վարժարաններում աշխատել որպես տեսուչ և ֆրանսերենի ուսուցիչ, հիմնել է Ուսումնասեր ընկերությունը (1865-66թթ)։ 1869-1901թթ Զմյուռնիայում հրատարակել է «Լա ռեֆորմ» («La Reforme») ֆրանսերեն թերթը, որտեղ լուսաբանել է նաև գաղթավայրի կյանքը։ «Օգյուստ Կոնտը Զմյուռնիայում և աթեիզմը» (1878թ.), «Պրն. Է.Լիթրեն և աթեիզմը» (1879թ.) ֆրանսերեն գրքույկներում ազգապահպանության մտահոգությամբ քննադատել է Գ.Կոստանդյանի որոշ հայացքներ և ֆրանսիացի փիլիսոփա Է.Լիթրեին, որը ջատագովում էր պոզիտիվիզմի տարածումը Արևելքում։ 1880-ական թվականներին աշխատակցել է «Արշալույս Արարատյան», «Մետեորա» և այլ պարբերականների։ Մեծ է նրա դերն ու ազդեցությունը հայ հասարակական մտքի վերելքի, մամուլի, ազգային զարթոնքի ու լուսավորության, հայ հրապարակախոսության ասպարեզում։ Ըստ նրա, «Վերք մը թե բարոյական և թե նյութական պետք է որ հայտնվի, որ բուժ գտնե» («Արևմուտք», 1859թ.): Գտնում էր, որ վճռական քայլի դիմելուց առաջ ժողովուրդը պետք է լավ նախապատրաստվի, թոթափի հետամնացությունը, լուսավորվի. «...քաջությունը միայն չբավեր ազգի մը կյանքը ապահովցնելու համար։ Բազուկին քով միտք պետք է, որ դատե, կշռե...» (1864թ.)։ Ուստի և, ելնելով արևմտահայության վիճակից, կոչ էր անում «լռին գործ տեսնել», իզուր զենքի չդիմել, քանի դեռ չի ստեղծվել «կռթնելու կետ մը», հետևել իտալացիների և հույների օրինակին։ Փառաբանել է զեյթունցիների սխրագործությունը, հորդորել է զարգացնելու երգարվեստը, թատրոնը և դրամատուրգիան, երգիծական ժանրը, հրապարակախոսությունը, մատաղ սերնդի, մասնավորապես, աղջիկների դաստիարակության և կրթության գործը, դատապարտել է օտարամոլությունը, ազգային սնապարծությունն ու կեղծ հայրենասիրությունը։ Նրա «Ազգային պակասություն», «Հայ դյուցազնուհի մը», «Խաչատուր Աբովյան», «Հավելված», «Քսանչորս ստությունք», «Լեռնականք», «Հայրենիք և հայրենասիրություն» և այլ գործեր 1850-60-ական թվականների հայ գեղարվեստական արձակի և հրապարակախոսության արժեքավոր նմուշներ են։ Ժամանակի հետադեմ գործիչներն ու մամուլը հարձակումներ են գործել նրա դեմ, խափանել նրա պարբերականների հրատարակությունը, դիմել մատնությունների։ Եղել է աշխարհաբարի կողմնակից, գրել է հղկված, պատկերավոր լեզվով։ Առաջիններից մեկն է անդրադարձել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպին և ըստ արժանվույն գնահատել այն։ Գրել է պատմվածքներ, բանաստեղծություններ, երգիծական գործեր, թարգմանել է Է.Սյուի, Ժ.Լաֆոնթենի, Ֆ.Լամընեի, Ա.Դյումա-որդու, Պ.Լաշամբոդիի, Ժ.Ֆլորիանի, Ֆ.Շատոբրիանի, Ջ.Լոկի, Ժ.Բերանժեի, Ա.Պրեվոյի երկերից։ Հանդես է եկել նաև Հարմա, Հրանտ, Վահե, Օրպել և այլ ծածկանուններով։ Մահացել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա):