Zark Foundation

Ստեփան Ջրբաշյան

Ստեփան Ջրբաշյան

Կոմպոզիտոր

10 մարտ, 1917 - 10 հոկտեմբեր, 1973

Ծնվել է Բաքվում: 1943թ. ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիայի լարային բաժինը, 1952թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը՝ Քրիստափոր Քուշնարյանի և Էդվարդ Միրզոյանի դասարանները: 1952-53թթ կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տանը՝ Գ.Լիտինսկու և Յ.Ֆորտունատովի դասարաններում, ապա Երևանի երաժշտական տասնամյակում ղեկավարել կոմպոզիցիայի դասարանը: 1956-62թթ եղել է Հայաստանի ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի երաժշտական ղեկավարը, 1962թ-ից` գլխավոր դիրիժորը, 1961-71թթ` գեղարվեստական ղեկավարը: Հեղինակել է թավջութակի և դաշնամուրի սոնատ (1951թ.), դաշնամուրային կվինտետ (1953թ.), նվագարանային և անսամբլային այլ երկեր (դրանց թվում՝ Սկերցո փողի համար, դաշնամուրային էքսպրոմա-ֆանտազիա), «Տոնական» (1957թ.), Ռապսոդիա ջութակահարների անսամբլի (1963թ.), էքսպրոմտ թավջութակահարների անսամբլի (1967թ.) համար, «Գիքոր» օպերան (ըստ Հ.Թումանյանի, 1973թ., բեմադրվել է 1974թ.), ստեղծագործություններ սիմֆոնիկ, էստրադային ու ժողովրդական գործիքների նվագախմբերի համար, երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մանկական և կինոերաժշտություն, կատարել ժողովրդական երգերի և պարեղանակների 100-ից ավելի մշակումներ: Նշանակալից է կոմպոզիտորի ներդրումը հայկական օպերետի և երաժշտական կոմեդիայի բնագավառում՝ «Երազիկ» (բեմադրված՝ 1960թ.), «Չարլեի մորաքույրը» (1961թ.), «Ծաղիկների աշխարհում» (1962թ.), «Ես, հարսնացուս և…» (1963թ.), «Սարսեցի փեսացուն» (1966թ.): Նրա երաժշտական լեզուն պարզ է և արտահայտիչ՝ սերտորեն կապված ժողովրդական ավանդույթներին: 1963-70թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1963թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: