Ծնվել է Հայաստանի Արթիկ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1950թ.՝ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1950-76թթ աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես դասախոս, ապա՝ դասախոսական խմբի ղեկավար։ Մոսկվայում 1965թ. ավարտելով ասպիրանտուրան` պաշտպանել է թեկնածուական թեզ, որը նվիրված էր ազգամիջյան հարաբերությունների գիտական վերլուծությանը: 1965-73թթ աշխատել է գերմանական արխիվներում ու գրադարաններում, որոնցում հայտնաբերած փաստաթղթերի ու նյութերի հիման վրա գրել ու հրապարակել է մի շարք աշխատություններ, աշխարհին է ներկայացրել Հայոց ցեղասպանության (1915թ.) հակամարդկային էությունը: 1975թ. Մոսկվայում պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Հայաստանը Գերմանիայի քաղաքականության մեջ 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին» թեմայով (1980թ-ից՝ պրոֆեսոր): Հեղինակել է 22 գիրք և ավելի քան 500 գիտական ու հրապարակախոսական հոդվածներ, որոնք հրապարակվել են տարբեր լեզուներով: Հայերի ցեղասպանության ճանաչման գործում նրա կարևոր ներդրումներից մեկն այն է, որ նա Ռուսաստանի Պետական Դումայի համար պատրաստել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի ամբողջ փաթեթը, որի հիման վրա Պետական դուման 1995թ. ընդունել է «Հայտարարություն 1915-22թթ հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին»: Երկար տարիներ աշխատել է քաղաքագիտության ամբիոնի վարիչ Երևանի պոլիտեխնիկական և գյուղատնտեսական ինստիտուտներում: 1994թ-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում, սկզբում առաջատար գիտական աշխատող, այնուհետև Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ: Աշխատել է նաև Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ամբիոնի վարիչ: 1995թ-ից մասնակցել և զեկուցումներ է կարդացել Հայոց ցեղասպանությանը նվիրված բոլոր միջազգային գիտաժողովներին: Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հայկական հեռուստատեսությամբ և ռադիոյով բազմաթիվ ելույթներ է ունեցել: 1967թ. և 1986թ. արժանացել է «Պատվո նշան» շքանշանի, 1985թ.՝ Գերմանական Դեմոկրատական Հանրապետության Խաղաղության Խորհրդի մեդալի, 1987թ.՝ Ս.Վավիլովի անվան մեդալի, 1995թ.՝ ՀՀ նախագահի պատվոգրի, 1998թ.՝ Տեղեկատվության միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի կոչման, 2005թ.՝ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի «Ցեղասպանագիտության մեջ ձեռք բերած վաստակի համար» մեդալի: Մահացել է Երևանում: