Zark Foundation

Սրապիոն Թղլյան

Սրապիոն Թղլյան

Դրամատուրգ

12 դեկտեմբեր, 1840 - 30 ապրիլ, 1919

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1858թ. ավարտել է Վենետիկի Մուրատ-Ռաֆայելյան վարժարանը և վերադարձել Կ.Պոլիս, դարձել Տատյան ամիրաների տան ուսուցիչ, միաժամանակ ֆրանսերեն ավանդելով մի շարք տներում և դպրոցներում։ Երկար տարիներ որպես ուսուցիչ աշխատել է Սկյուտարի ճեմարանում, կրթելով բազմաթիվ աշակերտներ, որոնք հետագայում դարձել են հայտնի դեմքեր, ինչպես Պետրոս Դուրյանը, Հարություն Մրմրյանը, Մելքոն Կյուրճյանը, Արշակ Չոպանյանը և այլք։ 1860-ականների սկզբներից գրել է պիեսներ, որոնք բազմիցս բեմադրվել են պոլսահայ բեմում։ Հեղինակել է «Էլեոնորա», «Դարանակալ պանդոկը», «Մասյաց դյուցազնուհի», «Կույր Տիրան», «Լենկթիմուր». «Մեծն Տրդատ», «Տիգրանուհի կամ Հաղթանակ հայոց ընդդեմ մարաց», «Սափփո քերթողուհի» և այլ պիեսներ: Պատմական դեմքերին ու դեպքերին մոտեցել է քմահաճորեն: Այդ գործերը, որ 1860-ականներին բեմադրել են «Արևելյան թատրոն»-ը և այլ խմբեր, բեմական կարճ կյանք են ունեցել, չեն տպագրվել: Նրա «Էլեոնորա» պիեսը փաստորեն փոխադրություն է ֆրանսերենից: Թարգմանել է ֆրանսերեն մելոդրամաներ` «Արյան բիծ», «Լիոնի սուրհանդակը», «Արքայն զբոսնու», «Երկու հիսնապետ» և այլն, որոնք բեմադրվել են արևմտահայ բեմում: Մահացել է Կոստանդնուպոլսում: