Ծնվել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր): Եղել է պատմաբան, հնագետ Ալեքսանդր Երիցյանի կինը, հրապարակագիր Մարկոս Աղաբեկյանի քույրը: Սովորել է Զմյուռնիայի Աղաբաբյան վարժարանում, ապա՝ Կ.Պոլսում, որտեղ ստացել է հայերեն և ֆրանսերեն հիմնավոր կրթություն։ 1859թ. տեղափոխվել է Սալոնիկ, 1862թ.՝ Կ.Պոլիս, իսկ հետագայում, ամուսնանալով Ա.Երիցյանի հետ, ապրել Թիֆլիսում, ծավալել հասարակական-կրթական գործունեություն։ Եղել է Կովկասի հայ բարեգործական ընկերության հիմնադիրներից։ Թիֆլիսում բացել է կանանց արհեստագործական դպրոցներ։ Կողմնակից է եղել աղջիկների ազատ դաստիարակությանը։ Աշխատակցել է հայ պարբերական մամուլին։ «Փորձ» հանդեսում տպագրել է արժեքավոր հիշողություններ 1860-ական թվականների Կ.Պոլսի քաղաքական խանդավառ օրերի, հատկապես Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Զեյթունյան երգերի» առաջացման մասին, հաղորդելով արժեքավոր փաստեր։ 1874թ. հրատարակել է «Տոմար ընտանեկան» տարեգիրքը, որը պարունակում է վիճակագրական հետաքրքրական տվյալներ Ռուսաստանում և Թուրքիայում ապրող հայերի մասին։ Մահացել է Թիֆլիսում: