Zark Foundation

Սրբուհի Տյուսաբ

Սրբուհի Տյուսաբ

Արձակագիր, բանաստեղծ

31 օգոստոս, 1840 - 3 հունվար, 1901

Սրբուհի Վահանյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սկզբնական կրթությունն ստացել է Միջագյուղի ֆրանսիական դպրոցում, ֆրանսերեն, բնական գիտություններ ու պատմություն է ուսանել եղբոր՝ քիմիկոս ու պետական բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Վահանի (1832-91թթ) մոտ։ 1899թ. մեկնել է Փարիզ, այստեղ մտերմական կապեր է հաստատել ֆրանսիացի հայտնի խմբագիր Ժյուլետա Ադանի, կոմպոզիտորներ Շառլ Գունոյի, Ամպրուազ Թոմայի և այլոց հետ։ 1891թ. վերադարձել է Կ.Պոլիս։ : նրա կյանքում բեկումնային է եղել ծանոթությունը բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլյանի հետ, ումից հայերենի դասեր է վերցրել։ Հետագայում նրանց միջև մտերմական սերտ կապերը վերաճել են զգացմունքների։Մի շարք ուսումնասիրողներ անդրադարձել են բանաստեղծի անպատասխան սիրուն իր աշակերտուհու հանդեպ, որը երևում է նրա որոշ բանաստեղծություններում։ Պեշիկթաշլյանի վաղաժամ մահվան բոթը ծնունդ է տվել «Ի հիշատակ պ. Մ.Պեշիկթաշլյանի» ողբերգին: Գրական գործունեության սկզբում Մ.Պեշիկթաշլյանի ազդեցությամբ գրել է գրաբար ու աշխարհաբար ոտանավորներ, որոնցից «Գարունը» 1864թ. տպագրվել է «Բազմավեպ»-ում։ «Աշխարհաբառ հայ լեզուն» (1880թ.) գրքույկում հանդես է եկել նոր լեզվի պաշտպանությամբ։ 1880թ-ից եղել է Դպրոցասեր հայուհյաց ընկերության գործուն անդամներից՝ Ընդհանուր ժողովի ատենապետը։ Նրա գեղարվեստական ստեղծագործության նախերգանքը 1880-82թթ Կ.Պոլսի և Զմյուռնիայի մամուլում տպագրած հրապարակախոսական հոդվածներն են («Կանանց դաստիարակությունը», «Քանի մը խոսք կանանց անգործության մասին», «Կանանց աշխատության սկզբունքը», «Հայ ընկերությունք»), որոնցում բողոքել է կնոջ անազատ վիճակի դեմ, պահանջել կրթության և աշխատանքի իրավունք։ Այդ գաղափարները ցայտուն արտահայտություն են գտել «Մայտա» (1883թ.) վեպում։ Գրողը կնոջը համարել է «ողորմելի զոհ», որի առաջ փակ են «ամեն ազատ, շավիղ...», ծաղրել է Ֆրանսիական հեղափոխության հռչակած «ազատության և հավասարության» սկզբունքները, որոնք «պարզապես ահագին բառեր են»։ Նրա կարծիքով կինը կարող է ազատություն նվաճել լուսավորվելու, նախապաշարումների դեմ պայքարելու և աշխատելու միջոցով։ Գրողի հայացքները հուզել են ժամանակի արևմտահայ հասարակական միտքը։ Շատ մտավորականներ (Ռ.Պերպերյան, Գ.Զոհրապ, Հ.Պարոնյան, Գ.Չիլինկիրյան, Մ.Մամուրյան, Ե.Տեմիրճիպաշյան և ուրիշներ) հանդես են եկել մամուլում, արտահայտել նպաստավոր կամ մերժողական կարծիքներ։ Շարունակել է իր ծավալած պայքարը, քննադատությանը պատասխանել «Սիրանույշ» (1884թ.) և «Արաքսիա կամ Վարժուհին» (1887թ.) վեպերով։ Առաջինում նա ցույց է տվել իր հռչակած գաղափարների անհարիրությունը իրականությանը, պաշտպանել ազատ սիրո իրավունքը, մերժել բռնի ամուսնությունը, երկրորդում փորձել է հիմնավորել այն գաղափարը, որ կնոջ ազատագրության կարևոր նախապայմանը աշխատանքն է, որը կարող է «անկախ վիճակ» ստեղծել նրա համար։ Գրողի վեպերը արևմտահայ ռոմանտիզմի վերջին արտահայտությունն էին. դրանց արտահայտած գաղափարները հետագայում արժանացել են Ա.Շիրվանզադեի և այլոց ուշադրությանը։ 1887թ-ից քրոնիկական գլխացավերի պատճառով դադարել է զբաղվել գրական գործունեությամբ։ Հանգանակություններ է կատարել Դպրոցասեր տիկնանց ընկերության և Երզնկայի դպրոցի օգտին, օժանդակել է Գալֆայան որբանոցին, այցելել մի շարք դպրոցներ։ Նրա շնորհիվ ձեռք է բերվել Հովհաննես Այվազովսկու նկարներից մեկը և դրվել Միացյալ ընկերության վիճակահանության։ Հովանավորել է նաև Ասիական ընկերության լսարանները՝ կազմակերպելով գրական-երաժշտական հանդեսներ, ղեկավարել Պետրոս Ադամյանիբեմական գործունեության 25-ամյա հոբելյանի տոնակատարության մասնախումբը։ 1889թ. նոյեմբերին դստեր հետ մեկնել է Փարիզ՝ բուժվելու։ Ճանապարհին կանգ է առել Պլովդիվ քաղաքում, որտեղ նևրոպաթոլոգ Ժան Մարտեն Շարկոն նրա մոտ հայտնաբերել է նյարդային սուր բորբոքումներ և իր նշանակած բուժումով էապես թեթևացրել նրա վիճակը։ Մոտ երկու տարի մնացել է Փարիզում։ Մահացել է Կոստանդնուպոլսում։