Ծնվել է 1989թ. մարտի 17-ին, Երևանում, Սպիտակի երկրաշարժից (1988թ.) հետո Երևան տեղափոխված երաժշտի ընտանիքում: Ջութակահար Հրաչյա Ավանեսյանի եղբայրն է: Հինգ տարեկան հասակում սովորել է Մեդեա Աբրահամյանի թավջութակի դասարանում: 2003թ. ուսումը շարունակել է Երևանի Պ․Չայկովսկու անվան մասնագիտացված երաժշտական դպրոց: Նույն թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Բելգիայի Բրյուսել քաղաք, որտեղ մասնակցել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում անցկացվող հայտնի թավջութակահարուհի, պրոֆեսոր Վիվիան Սպանոգեի դասերին: 2010թ. ավարտել է Թագավորական կոնսերվատորիան և ընդունվել Բեռլինի «Hanns Eisler Hochschule», սովորելով հայտնի թավջութակահար Կլաուդիո Բոհորկեսի դասարանում: Կանոնավոր դասերին զուգահեռ մասնակցել է նաև Յանոս Սթարկերի, Սթիվեն Իսսերլիսի, Մարիա Քլիգելի, Լյուիս Քլարեթի, Փիթեր Բրունսի, Գարի Հոֆմանի, Վոլֆգանգ Բոյտչերի և Իգոր Օիստրախի վարպետության դասերին: Դեռ մանուկ հասակից թե՛ որպես մենակատար, թե՛ որպես կամերային նվագախմբի կատարող, համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Չինաստան, Բելգիա, Ֆրանսիա և այլն: 2014թ. թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը հաղթահարելու արդյունքում դարձել է Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին թավջութակահարը: 2011թ. դարձել է «Belgische Stichting Roeping» մրցույթի առաջին մրցանակակիրը: Դարձել է մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր, այդ թվում՝ «Gerardmer» (Ֆրանսիա) միջազգային թավջութակի մրցույթ, Երիտասարդ մենակատարների եվրոպական մրցույթ (Լյուքսեմբուրգ), «Sint-Pieters-Woluwe» թավջութակի մրցույթ, «Lions Club» թավջութակի միջազգային մրցույթ, արժանանալով առաջին մրցանակների: Նվագում է հրեա հայտնի թավջութակահար Միշա Մայսկիի նվիրած՝ 1689թ. ստեղծված Մատեո Գոֆֆելերիի առաջին թավջութակի վրա: 2010թ. եղբոր՝ Հրաչյա Ավանեսյանի հետ ստեղծել է տրիո՝ որը հենց այդպես էլ կոչվում է «Ավանեսյան Տրիո»: 2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի հրետակոծված Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում կատարել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, որի տեսանյութը տարածվեց ամբողջ աշխարհում: