Zark Foundation

Սևակ Արզումանյան

Սևակ Արզումանյան

Գրականագետ, գրաքննադատ

22 նոյեմբեր, 1929 - 13 մարտ, 2004

Ծնվել է Արցախի Սեյդիշեն (Խաչեն) գյուղում: 1951թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1952-54թթ սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ 1954թ. «Հայ գրականությունը ռուսական առաջին հեղափոխության էտապում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1967թ. «Սովետահայ վեպը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1970թ-ից՝ պրոֆեսոր)։ 1954-62թթ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում, 1962-68թթ` ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1962-68թթ, համատեղության կարգով, «Հայաստան» հրատարակչությունում` որպես գեղարվեստական գրականության խմբագրության բաժնի վարիչ։ 1968-78թթ եղել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի գրականության ամբիոնի վարիչը, 1972-75թթ` նաև նույն ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի դեկանը: 1978թ-ից աշխատել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում։ Հրատարակվել են նրա «Վահան Թոթովենց» (1961թ.), «Զապել Եսայան» (1965թ.), «Սովետահայ վեպը» (3 գիրք, 1967թ., 1980թ., 1986թ.) մենագրությունները։ Հանդես է եկել ժամանակակից գրականությանը նվիրված հոդվածներով։ 1958թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 2000թ-ից՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: 1995թ. արժանացել է ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի։ Մահացել է Երևանում: