Ծնվել է Բեյրութում: Հայտնի է նաև «Սևան Նաղաշ» անունով: Սերել է միջնադարյան բանաստեղծ, նկարիչ, աշուղ Նաղաշ Հովնաթանի տոհմից: Մորական պապը Ջերմուկից է եղել, տատը՝ Մարաշից, մայրական կողմը՝ Սեբաստիայից: Նախքան ցեղասպանությունը պապիկի հայրը Սեբաստիայում ուսուցիչ է եղել, ում թուրքերը կախել են, իսկ պապիկը կարողացել է փախչել Երուսաղեմ, հետո հետ է վերադարձել Սեբաստիա, որտեղ հանդիպել է ապագա կնոջը, ում հետ միասին հաստատվել են Բեյրութում: Նկարել է դպրոցական տարիքից, նկարչության ուսուցիչը եղել է Վազգեն Թութունջյանը: Սովորել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում, ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի մուլտֆիլմերի բաժնում: 1995թ. ինստիտուտն ավարտելուց հետո մեկնել է Մոնրեալ, աշխատել Սիլվեն Շոմեի «Ծեր կինն ու աղավնին» մուլտֆիլմի վրա: 2001թ. առաջին անգամ մասնակցել է ցուցահանդեսի Կանադայում, այնուհետև՝ Անգլիայում, Հոլանդիայում, Գերմանիայում: Երկու տարի բնակվել է Եվրոպայում, զբաղվել հետազոտությամբ, ընդլայնել եվրոպական արվեստի մասին պատկերացումները: Աշխատել է «Նարեկացի» արվեստի միությունում, եղել վիզուալ արվեստների գեղարվեստական ղեկավար, ցուցահանդեսների պատասխանատու, հրատարակությունների նկարիչ-ձևավորող և էջադրող, համադրել և կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ, ձևավորել «Նարեկացի» արվեստի միության գլխավոր միջոցառումների հետ կապված բոլոր տեսողական նյութերը (պաստառներ, հրավիրատոմսեր, բուկլետներ): Նրա ստեղծագործությունները գտնվում են տարբեր երկրների մասնավոր ու պետական հավաքածուներում: «Նարեկացի» արվեստի միության նկարչական խմբակը կոչվում է Սևան Նագգաշյանի անունով: Մահացել է Երևանում: