Ծնվել է 1958թ. սեպտեմբերի 22-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: 2 տարի սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի կոնտրաբասի բաժնում: 14 տարեկան հասակից սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի կոնտրաբասի բաժնում: 1978թ-ից նվագել է «Հայհամերգ», «Էրեբունի», 1979թ-ից` «Արմինա», «Երևան», Ա.Բաբաջանյանի խմբերում` որպես բաս-կիթառահար: Վերջին խմբում եղել է նաև ադմինիստրատոր: 1981-83թթ աշխատել է Մոսկվայում, Ստաս Նամինի խմբում` որպես բաս-կիթառահար և թմբկահար: 1983թ-ից եղել է Երևանի Մարզահամերգային համալիրի գլխավոր հնչյունային ռեժիսորը: Այդ տարիներին ջազմեն Լևոն Մալխասյանի հետ կազմակերպել է մի քանի ջազ-փառատոներ, նվագել է երևանյան ռեստորաններում, ակումբներում: 1985թ-ից սովորել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: 1989թ. եղել է «Յուրմալա 89» միջազգային երաժշտական մրցույթի ծրագրի տնօրենը, որի ժամանակ աշխատել է Մոսկվայի «Սոյուզկոնցերտ» միավորումում: 1990թ. աշխատել է Մոսկվայի Կենտրոնական հեռուստաընկերությունում` որպես «Տարվա Երգ» նախագծի փոխտնօրեն: 1989-91թթ սովորել է Տաշքենդի համալսարանի ֆինանսներ և էկոնոմիկայի ֆակուլտետում: 1994-97թթ եղել է ՀՀ ՊՆ արտաքին տնտեսական կապերի վարչության պետի տեղակալը: 1995-2007թթ հիմնադրել և ղեկավարել է «Փարիզյան սուրճ» ընկերությունը: 2005թ. ստեղծել է «Երգում է 70-ականների Երևանը» նախագիծը, որի շրջանակներում իրականացրել է համերգներ, հեռուստանախագծեր: 2008թ. Մոսկվայում, ռուս-հայկական բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, արժանացել է ՌԴ «Պետրոս Առաջին» ոսկե մեդալի: 2010թ. Աշոտ Աղաբաբյանի հետ համատեղ հիմնադրել է «Ֆրանսիական սուրճ» ընկերությունը: 2015-18թթ եղել է Երևանի Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի տնօրենը: 2014թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: