Zark Foundation

Վազգեն Գևորգյան

Վազգեն Գևորգյան

Լեզվաբան, թարգմանիչ

31 մարտ, 1923 - 15 մայիս, 2002

Ծնվել է Հայաստանի Ներքին Ախտա գյուղում (այժմ՝ քաղաք Հրազդան): 1940թ. ավարտել է Երևանի թիվ 13 միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել ԵՊՀ լեզվագրական ֆակուլտետ: 1941-43թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, ծանր վիրավորվել է և զորացրվել: 1945թ. ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, 1950թ.՝ ասպիրանտուրա: 1950թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և մինչև 1984թ. գրաբար է դասավանդել ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնում, իսկ 1985թ-ից մինչև կյանքի վերջը՝ հայոց լեզվի պատմության ամբիոնում: 1952թ. նրան շնորհվել է դոցենտի, 1991թ.՝ պրոֆեսորի կոչում: 1994-95թթ գրաբար է դասավանդել Երուսաղեմի Ալեք և Մարի Մանուկյանների անվան ժառանգավորաց վարժարանում և ընծայարանում: Հայտնի է եղել նաև իր բանասիրական, բանաստեղծական-թարգմանչական գործունեությամբ: Հայ գրականության և մշակույթի մեջ լուրջ ներդրում են նրա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» (1970թ., 1979թ., 1996թ.) և «Տաղերի» (1979թ.) նրա աշխարհաբար թարգմանությունները: Թարգմանել է նաև Մ.Լերմոնտովի «Բանաստեղծություններ և պոեմներ» գիրքը, ինչպես նաև «Դև» պոեմը: Հեղինակել է «Լերմոնտով» (1956թ.) չափածո ողբերգությունը, ինչպես նաև մի շարք գիտական հոդվածներ: 1976թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով, «1941-1945թթ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 20 տարին» և այլ մեդալներով: Գ.Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի թարգմանության համար 1980թ. արժանացել է ՀԳՄ Ս.Զորյանի անվան մրցանակի: Մահացել է Երևանում: Վազգեն Գևորգյանի անունով է կոչվել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի լսարաններից մեկը: