Ծնվել է ՀՀ Լեռնանցք (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի Լեռնագյուղ) գյուղում: 1941թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1942թ. մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1969-74թթ դասախոսել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) մանկավարժական ինստիտուտում: 1971-82թթ եղել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի հայ ժողովրդի միջին դարերի պատմության բաժնի վարիչը: Զբաղվել է հայ ժողովրդի միջնադարյան պատմության, 18-րդ դարի հայ ազատագրական շարժման կենտրոնների ու ծրագրերի, տարբեր կարգի աղբյուրների քննության ու լուսաբանման հարցերով: «Մանր ժամանակագրություններ 13-18-րդ դդ» գործում (հ.1-2, 1951-56թթ) զետեղված են 85 մեծ ու փոքր ժամանակագրություններ, որոնց մեծ մասն առաջին անգամ նրա շնորհիվ է մատչելի դարձել հայագիտությանը: Աղբյուրագիտական կարևոր գործ է «Կանոնագիրք Հայոց»-ի երկու ստվար հատորների կազմումն ու հրատարակումը (1964-71թթ), որ պատմաբանը իրականացրել է ավելի քան 50 գրչագրերի հիման վրա՝ ընդարձակ ուսումնասիրությամբ, ծանոթագրություններով ու ցանկերով (1974թ. արժանացել է ՀՀ ԳԱ մաշտոցյան մրցանակի): Կազմել և հրատարակել է «Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարանները» (հատոր 1-3, 1974-84թթ, 1-ին հատորը՝ Ա.Հովհաննիսյանի հետ): Մասնակցել է նաև 18-րդ դարի հայ-ռուսական հարաբերությունների պատմությանը նվիրված փաստաթղթերի և «Մեսրոպ Մաշտոց» (1962թ.) ժողովածուների հրատարակմանը: 1967թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1972թ-ից՝ պրոֆեսոր): Մահացել է Երևանում: