Ծնվել է Արցախի Գետաշեն գյուղում (այժմ՝ Ադրբեջանում): 1939թ. ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) օտար լեզուների ինստիտուտի ֆրանսիական ֆակուլտետը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1948-53թթ եղել է «Գրական թերթ»-ի, 1958-61թթ՝ «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիրը, 1971-85թթ՝ ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտօրենը։ Նրա ուսումնասիրությունների ասպարեզը խորհրդահայ գրականության արդիական խնդիրներն են։ 1958թ. տպագրվել է նրա «Գրական հարցեր» գիրքը։ «Գեղամ Սարյանի պոեզիան» (1963թ.) աշխատությամբ արժեքավորել է բանաստեղծի գրական վաստակը։ Հրատարակել է «Ժամանակի հետ» (1968թ.), «Տարիներ և ճակատագրեր» (1978թ.), «Քննադատի աշխարհը» (1981թ.) քննադատական, գրականագիտական հոդվածների ժողովածուները։ Գրել է նաև «Խոստովանանք կամ հարյուր նամակ Ստելլային (1941-45)» (1985թ.) հուշագիր-նամակագրական բնույթի գիրքը: Հանդես է եկել նաև Վազգեն Դարբնի գրական անունով։ 1962թ. ստացել է բանասիրական թեկնածուի գիտական աստիճան: Պարգևատրվել է Կարմիր աստղի 2 շքանշանով։ Մահացել է Երևանում: