Օննիկ Շուշանյան
Ծնվել է Արևելյան Թրակիայի Ռոդոսթո քաղաքում: 1906-11թթ սովորել է Ռոտոսթոյի Սբ. Խաչի Հիսուսյան և Սբ. Թագավոր թաղի Հովհանյան նախակրթարանում: 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ ընտանիքի հետ աքսորվել է Մերձավոր Արևելքի անապատները, որտեղ կորցրել է հարազատներին, որոնք բոլորն էլ զոհ են գնացել թուրքական ջարդերին: 1919թ. ընդունվել է Արմաշի երկրագործական վարժարան և այդ վարժարանի կազմի հետ էլ տեղափոխվել է Կ.Պոլիս, ապա Հայաստան, որտեղից շուրջ մեկ տարի անց վերադարձել է հետ: Այդ տարիներին սկսել է թափառական կյանքը Կ.Պոլսից մինչև Նյու Յորք, Նյու Յորքից` Իզմիր, կրկին Կ.Պոլիս և, վերջապես, 1922թ-ից հաստատվել է Փարիզում: Բանվորություն է արել Ռընոյի գործարանում և Մոնրուժի մետաղագործարանում: Սովորել է երկրագործություն և կաթնային արդյունաբերություն, հետագայում` Սորբոնի համալսարանում: Նրա ստեղծագործության հիմնական թեման սփյուռքն է, սփյուռքահայի դժվարին ու հակասական կյանքը, պայքարն ուծացման վտանգի դեմ: Լույս են տեսել գրողի «Գարնանային» (1927թ.), «Օրերը գեղեցիկ չեն» (1929թ.), «Մթին պատանութիւն» (1956թ.), «Ճերմակ Վարսենիկ» (1960թ.) վեպերը, «Մահուան առագաստը» (1959թ.) պատմվածքների ու վիպակների ժողովածուն: 1960-ական թվականների նրա արխիվը բերվել է Հայաստան, որից հետո Երևանում տպագրվել են նրա մի շարք ստեղծագործություններ` «Երկիր հիշատակաց» (1966թ.), «Երկու վիպակ» (1983թ.), «Ներքին դաշտանկար» (1995թ.), «Օրագիր» (1999թ.), «Քրոնիկոն քնարական» (2000թ.), «Խառնիխուռն» (2001թ.) և այլն: Մահացել է Փարիզում: