Zark Foundation

Վախթանգ Անանյան

Վախթանգ Անանյան

Արձակագիր

26 հուլիս, 1905 - 4 մարտ, 1980

Ծնվել է Հայաստանի Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ Սովորել է Դիլիջանի ծխական դպրոցում։ 1926թ. տեղափոխվել է Երևան, աշխատել «Մաճկալ» (1930-31թթ), «Սոցիալիստական գյուղատնտեսություն» (1931-35թթ) թերթերի խմբագրություններում։ 1935թ. եղել է «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիրը։ Առաջին վիպակը («Կրակե օղակի մեջ») լույս է տեսել 1930թ.։ Որոշակի ներդրում է ունեցել որսորդական պատմվածքի զարգացման գործում հայ գրականության մեջ։ Նրա «Որս» (1934թ.) գրքում ռեալիստական պատկերներով արտացոլված է հայկական բնաշխարհը։ Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1937թ. խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար: Երկու տարի անցկացրել է աքսորավայրում, 1939թ. արդարացվել է և վերադարձել Երևան: 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1947-66թթ հրատարակվել են գրողի որսորդական պատմվածքների վեց պրակները։ Ճանաչված գործերից է «Սևանի ափին» (1951թ.) վիպակը, որի արժանիքներից են մարդասիրական, հայրենասիրական շունչը, բնության նկարագրությունները, կերպարների համոզչականությունը, գրելաձևի ինքնատիպությունը։ Նրա «Հայաստանի կենդանական աշխարհը» (հ.1-4, 1961-67թթ) աշխատությունը լայն պատկերացում է տալիս Հայաստանում երբևէ ապրած և ապրող կենդանիների մասին։ Գրողի երկերը հրատարակվել են ռուսերեն, անգլերեն, չինարեն, ճապոներեն, գերմաներեն, չեխերեն, բուլղարերեն, բենգալերեն, հինդի լեզվով։ Մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» (1936թ.) վիպակներն արժանացել են մրցանակի։ Այդ գրքերի հիման վրա գրված սցենարներով ստեղծվել են «Լեռնային լճի գաղտնիքը» և «Հովազաձորի գերիևերը» կինոնկարները («Հայֆիլմ, 1954թ., 1957թ.)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ 1970թ. մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի։ 1968թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: 2006թ. գրողի ծննդյան 100-ամյակին նվիրված «Վախթանգ Անանյան 1905-1980» նամականիշ է տպագրվել։ Հայաստանում գործում է նաև Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոց։