Ծնվել է 1972թ. փետրվարի 29-ին, ՀՀ Քաջարան քաղաքում: 1985թ. տեղափոխվել է Երևան: 1989թ. ավարտել է միջնակարգ դպրոցը: 1989-94թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի տեխնիկական ստեղծագործության ֆակուլտետում: Դասական կիթառի պրոֆեսիոնալ կրթությամբ զբաղվել է 1989թ-ից և չորս տարի ֆլամենկո երաժշտության դասեր վերցրել կիթառահար Համլետ Հարությունյանից: Այդուհետ 2 տարի ուսանել է օպերային երգիչ Ռոբերտ Բաբուրյանի մոտ: Առաջին անգամ բեմ է բարձրացել 1992թ., Երևանի Ճարտարապետների տանը՝ «Համերգ՝ մոմի լույսով» խորագրով հեղինակային երգի համերգին: Հետագայում հեղինակ-կատարող Արեգ Նազարյանի հետ սկսել է կազմակերպել համերգներ Երևանի պետական համալսարանում, Երևանի օտար լեզուների պետական ինստիտուտում և Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտում: 1995-98թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստատեսությունում` որպես լրատվական ծառայության խորհրդական: 1998թ-ից «Մետեո TV» հեռուստաընկերության հիմնադիր-տնօրենն է: 2008թ. նախաձեռնել և իրականցրել է Բարդերի Ակումբի ստեղծումը: Բազում համերգների կազմակերպիչ է: «Հեղինակային երգի հավաքածու I» և «Հեղինակային երգի հավաքածու II» սկավառակ-գրքերի, «Հայոց տաճարներ» ֆիլմաշարի հեղինակն ու պրոդյուսերն է: Արժանացել է բազում մրցանակների ու շնորհակալագրերի, այդ թվում` հեղինակային երգի ասպարեզում զգալի ներդրումների համար: Հանդիսանում է 14 փաստագրական ֆիլմերի պրոդյուսեր` «Հովհաննավանք», «Աստվածընկալ», «Արուճ 1-ին», «Արուճ 2-րդ», «Տեղեր», «Կվաշ», «Քարանձավների աղոթքը», «Մուղնու Սբ. Գևորգ վանքը», «Սաղմոսավանք», «Ուղիներ», «Կորսված պատմություն», «Շատինի հոգևոր ամրոցը», «Մանկանոց», «Երերույք»: Թողարկել է «Ցնորք» (1998թ.), «Վերադարձ» (2000թ.), «Ես ու ես» (2005թ.), «Я живу, как живу» (2011թ.), «Գիշեր է գիշեր» (2012թ.), «Прости меня» (2013թ.) ձայնասկավառակները, մեկ համատեղ ձայնասկավառակ և երկու «Հեղինակային երգի հավաքածու»: 2015թ-ից իրականացնում է «Հուսո առագաստ» հեղինակային երգի ամենամյա փառատոն-նախագիծը, որի հեղինակն է և գլխավոր տնօրենը: 2004թ. հիմնադրել է «M-Studio Recordings» ձայնագրման ստուդիան, որտեղ նկարահանվել են վավերագրական ֆիլմեր, տեսահոլովակներ, գովազդներ: 2011թ., որպես գլխավոր դերակատար, խաղացել է «Փետրվարի 19-ը» ֆիլմում, որը 2013թ. «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է լավագույն կարճամետրաժ ֆիլմ: 2013թ. նկարահանվել է «Շքամուտք» ֆիլմում, որի երաժշտության հեղինակն է եղել նաև: