Zark Foundation

Վահագն Գրիգորյան

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Ծնվել է 1942թ. մարտի 27-ին, Երևանում: Արձակագիր Վարդան Գրիգորյանի եղբայրն է: 1964թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1965թ. որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, աշխատել է ՀՀ Մեղրաձոր (այժմ` ՀՀ Կոտայքի մարզում) գյուղի միջնակարգ դպրոցում: 1966-67թթ աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում` որպես խմբագիր, 1967-74թթ և 1978-81թթ` «Պիոներ» (այժմ` «Աղբյուր») ամսագրում` որպես պատասխանատու քարտուղար: 1972թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է, որտեղ 1986-94թթ եղել է վարչության քարտուղարը: Հեղինակել է պատմվածքներ, վիպակներ, վեպեր: Հրատարակվել են նրա «Կատակասեր աստվածները» (1970թ.), «Թագավորի փոքրիկ որդին: Կարմիր ձյունը» (1974թ.), «Տեղատվություն» (1976թ.), «Սպիտակ ագռավ» (1981թ.), «Ադամամութ» (1984թ.), «5-րդ փողոց» (1989թ.), «Թռչունի հոգին» (2002թ.), «Ժամանակի գետը» (2009թ.), «Ոստանի վերջին ճամփորդությունը» (2009թ.), «Զարմանալի իրադարձություններ 5-րդ փողոցում» (2012թ.) և այլ գրքեր: Նրա երկերի հիման վրա «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է «Եվս հինգ օր», «Արյուն», «Եվ կրկնվում է ամեն ինչ» գեղարվեստական ֆիլմերը: Գրել է նաև մանկական երկեր` «Հեքիաթների անտառը» (1978թ.), «Հեքիաթների քաղաքը» (1982թ.), «Հեքիաթների հովիտը» (1983թ.): Էստոներեն առանձին գրքով լույս են տեսել նրա «Կարմիր ձյունը» և «Փակ սենյակը» վիպակները: Գրողի ստեղծագործությունները գրական մամուլում և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, էստոներեն, լիտվերեն, բուլղարերեն, լեհերեն, սլավոներեն։ 1982թ. Մոսկվայում ռուսերեն լույս է տեսել նրա «Սպիտակ ագռավ» գիրքը: Ռուսերենից և լիտվերենից թարգմանել է Ալեքսանդր Միլնի «Վինի Թուխը և բոլորը-բոլորը» 1972թ., 1988թ., Վասիլ Բիկովի «Ապրեինք մինչև լուսաբաց։ Կոթող» (վիպակներ, 1976թ.), Յոնաս Ավիժյուսի «Կորուսյալ օթևան» (վեպ, համահեղինակ՝ Նորա Գրիգալավիչյուտե, 1981թ.), Յուզոաս Բալտաշիսի «Ասք Յազայի մասին» (վեպ, համահեղինակ՝ Նորա Գրիգալավիչյուտե, 1987թ.) երկերը: 1984թ. արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի («Ադամամութ» վեպի համար), 2002թ.՝ ՀԳՄ արձակի ամենամյա մրցանակի («Թռչունի հոգին» ժողովածուի համար), 2009թ.՝ ՀԳՄ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի և ՀՀ Պետական մրցանակի («Ժամանակի գետը» վեպի համար):