Ծնվել է 1980թ. հոկտեմբերի 29-ին, ՀՀ Հրազդան քաղաքում: Միջնակարգ դպրոցին զուգահեռ ավարտել է նաև Հրազդանի Ս.Զորյանի անվան արվեստի դպրոցի թատերական ստուդիան` Գևորգ Կարապետյանի ղեկավարությամբ: 1998-2003թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնում` Սվետլանա Կոլոսարյանի դասարանում: 2007թ-ից կոնսերվատորիային կից Ղ.Սարյանի անվան օպերային ստուդիայի մեներգիչ է: 2009-15թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մեներգիչ: Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Ջ.Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (Բազիլիո), Ջ.Պուչինիի «Ջանի Սկիկի» (Սիմոնե), Ջ.Վերդիի «Տրավիատա» (Բժիշկ), Գ.Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» (Ռայմոնդ), «Զանգակը» (Հանիբալ), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Քյոխվա, Պահակ), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Զինվոր): Աշակերտել է օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին: 2010-11թթ վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի «Սքոթիշ Ռոյալ» ակադեմիայում և միաժամանակ մասնակցել է Էդինբուրգի օպերային փառատոնին` հանդես գալով Տիխոնովի դերերգով` Ս.Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» օպերայում: 2011թ-ից աշխատում է նաև Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան և երգիչ: Հանդես է եկել հետևյալ ներկայացումներում՝ Տ.Չուխաճյանի «Կարինե» (Հոր-հոր աղա), Ա.Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի» (Քյոխվա, Օհան) և ալն: Հյուրախաղերով եղել է եվրոպական մի քանի երկրներում: 2015թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին (Տ.Չուխաճյանի «Կարինե»):