Zark Foundation

Վահագն Մուղնեցյան

Վահագն Մուղնեցյան

Բանաստեղծ, արձակագիր

Ծնվել է 1947թ. հուլիսի 10-ին, Կիրովականում (այժմ` Վանաձոր): Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Աշխատել է «Սովետական գրող» հրատարակչության ժամանակակից գեղարվեստական գրականության խմբագրությունում՝ որպես ավագ խմբագիր, ապա` Հայաստանի գրողների միության «Նորք» ամսագրում` որպես Ժամանակակից գեղարվեստական գրականության բաժնի վարիչ: 1988թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է, որտեղ 1993թ. եղել է վարչության քարտուղարը: Եղել է նաև «Ոսկան Երևանցի» հրատարակչության առաջին գլխավոր խմբագիրը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի 3-րդ բանակային միավորման հրամանատարի տեղակալը: 2000-07թթ ծառայել է ՀՀ թիվ 23935 զորամասում` որպես հրամանատար (ՀՀ ՊՆ կենտրոնական Սպայի տան պետ): Մասնակցել է Արցախյան մարտական գործողություններին (փոխգնդապետ): 2001թ-ից «Հայրենիք և ծառայություն» ուսումնական ձեռնարկի խմբագիրն է: Ուսանողական տարիներից պարբերաբար հանդես է եկել հանրապետական գրական մամուլում իր պատմվածքներով, վիպակներով և բանաստեղծություններով: Առանձին վիպակներ և պատմվածքներ տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, սլովակերեն: Հրատարակվել են նրա «Ճանապարհ շրջանակի մեջ» (1984թ.), «Ալիզ» (վեպ, 1986թ.), «Եկվորներ» (վեպ, 1989թ.), «Տարիներ» (1992թ.), «Բազմաշավիղ» (բանաստեղծություններ, 2003թ.), «Տաբու» (վեպ, 2008թ.), «Զոհանվեր» (պոեմ, 2013թ.) գրքերը: 1986թ. արժանացել է ՀԳՄ Հովհաննես Շիրազի անվան արծաթե մեդալի: 1986թ. նրա «Ալիզ» և 1989թ. «Եկվորներ» վեպերն արժանացել են ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակների։ 1995թ. անտիպ գրքերի մրցանակաբաշխությունում գրողի «Հավերժախաչ գմբեթներ» վեպն արժանացել է Համազգային հայ կրթական և մշակութային միության 1-ին մրցանակին: 1997թ. արժանացել է ՀԳՄ Դանիել Վարուժանի անվան «Հայ գրականության ասպարեզում ծանրակշիռ ավանդի համար» մրցանակի, 2005թ.՝ «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչման, 2008թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2010թ.՝ ՀՀ նախագահի մրցանակին («Տաբու» վեպի համար):