Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում` Առնո Բաբաջանյանի դասարանում: 1962թ. ավարտել է Լենինգրադի Ն.Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայի Յ.Բրյուշկովի դաշնամուրի և Ի.Բրաուդոյի երգեհոնի դասարանները: Եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար: 1963թ-ից մանկավարժական գործունեություն է ծավալել Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1966թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, բացել է երգեհոնի դասարան (1970-85թթ, միաժամանակ՝ ՀՊՄՀ-ում), 1997թ-ից եղել է երգեհոնի ամբիոնի վարիչը (1990թ-ից՝ պրոֆեսոր): 1965թ. ապրիլի 24-25-ին Խորհրդային Հայաստանում առաջին անգամ նրա և Լուսինե Զաքարյանի մասնակցությամբ հոգևոր երաժշտության համերգային ծրագրով նշվել է Հայոց Ցեղասպանության (1915թ.) տարելիցը: Երաժշտի շնորհիվ հայ հոգևոր երգը բազմաթիվ եվրոպական երգեհոնահարների ծրագրային կատարումների ցանկում գտել է իր տեղը: Մեծապես նպաստել է Հայաստանում երգեհոնային արվեստի տարածմանը: Նվագացանկն ընդգրկել է մինչդասական շրջանի, Յոհան Սեբաստիան Բախի, Հենդելի, նաև Քրիստափոր Քուշնարյանի, Հարո Ստեփանյանի, Տիգրան Մանսուրյանի և այլոց երկերից: Առաջին անգամ երգեհոնով հնչեցրել է Ներսես Շնորհալու, Խաչատուր Տարոնացու, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու շարականները (Կոմիտասի ու Մակար Եկմալյանի մշակմամբ և սեփական փոխադրությամբ): Կատարումն աչքի է ընկնում գունեղ հնչողությամբ, ոճական ճշգրիտ մեկնաբանումով: Համերգային լայն գործունեություն է ծավալել` հանդես գալով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում` Լոնդոն, Փարիզ, Նյու-Յորք, Ռիգա, Վիլնյուս, Մոսկվա և այլուր: Եղել է Հայաստանում երգեհոնների տեղադրման և երգեհոնային երաժշտության առաջին կատարողն ու տարածողը, նաև` հանրապետական, համամիութենական, միջազգային ստուգատեսների, փառատոների, մրցույթների հեղինակավոր հանձնաժողովների անդամ ու նախագահ: 1970թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2006թ.` ժողովրդական արտիստի կոչման, 2009թ.՝ Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի: Մահացել է Երևանում: