Վահագն Դադրյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Ավարտել է Բեռլինի համալսարանի մաթեմատիկայի, Վիեննայի համալսարանի պատմության և Ցյուրիխի համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետները։ 1970-91թթ սոցիոլոգիա է դասավանդել Նյու Յորքի համալսարանում, միաժամանակ եղել է Հարվարդի համալսարանի Միջին Արևելքի ուսումնասիրությունների և Մասսաչուսեթսի Տեխնոլոգիայի միջազգային ուսումնասիրությունների կենտրոնների ավագ գիտաշխատող: 1990-ական թվականներին եղել է Հ.Գուգենհեյմի ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի տնօրենը, 1991թ-ից՝ Զորյան ինստիտուտի (Տորոնտո և Քեմբրիջ) ցեղասպանության հետազոտություններիծրագրի գիտական տնօրենը։ Եղել է համեմատական ցեղասպանագիտության հիմնադիրներից։ Հատկապես արժեքավոր են նրա «Հայկական ցեղասպանությունը խորհրդային և պատմագիտական քննարկումներով» (հայերեն, 1995թ.), «Հայոց ցեղասպանության մեջ գերմանական պատասխանատվությունը։ Պատմական ապացույցի ստուգաբանություն» (անգլերեն, 1996թ.), «Ցեղասպանության երաշխիքը։ Թուրք-հայկական հակամարտության գլխավոր բաղադրատարրեր» (անգլերեն, 1998թ.) մենագրությունները։ Միջազգային իրավունքի համատեքստում հայոց ցեղասպանության վերլուծությանն է նվիրված «Ցեղասպանությունը որպես ազգային և միջազգային իրավունքի հիմնահարց։ Հայկական հարցը Առաջին աշխարհամարտի տարիներին և նրա նկատմամբ ժամանակակից իրավական վերաբերմունքը» (անգլերեն, 1989թ.) գործը։ Ցեղասպանության հարցերին նվիրված դասախոսություններով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ համալսարաններում, գիտական և հասարակական մի շարք կենտրոններում, միջազգային դատական ատյաններում։ 1998թ-ից եղել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: 1995թ. արժանացել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչման, 1998թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2001թ.՝ Հարվարդի համալսարանի «Վերիտաս» ոսկե մեդալի, 2002թ.՝ Ռուսաստանի հայերի միության ոսկե մեդալի, 2003թ.՝ ՀՀ ԳԱԱ ոսկե հուշամեդալի և Իտալիայի «Ճշմարիտները հայերի համար» կոմիտեի Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուամեդալի, 2005թ.՝ Ցեղասպանագետ գիտնականների միջազգային ասոցիացիայի մրցանակին և Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալի, 2009թ.՝ ՀՀ նախագահի ոսկե մեդալի: Մահացել է Նյու Յորքում: