Zark Foundation

Վահան Բադալյան

Վահան Բադալյան

Բեմադրիչ

Ծնվել է 1980թ. մայիսի 8-ին, Երևանում: 1990-ականների սկզբին, դեռ պատանի տարիքից սեփական տան նկուղում հիմնել է «Օազիս» թատրոնն ու սկսել ներկայացումներ բեմադրել հանրության համար։ 1997թ. նրա բեմադրած Է.Իոնեսկոյի «Դասը» ներկայացման ժամանակ ներկաների թվում է եղել արվեստի վաստակավոր գործիչ, Գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադիր Հենրիկ Իգիթյանը, ով 17-ամյա Վահանին հրավիրել է դասվանդելու Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնում։ 1996-2004թթ թատրոնի ռեժիսուրա և դերասանական վարպետություն է սովորել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Ուսման տարիներին ընտրվել և որպես ռեժիսորի օգնական 2000թ. և 2001թ. մասնակցել է «Prunus Armenica» ֆրանս-հայկական համատեղ արտադրության ներկայացման բեմադրական աշխատանքներին Փարիզում, Մարսելում, Թուլուզում և նախագծի հետ շրջագայել Ֆրանսիայում։ 2001թ. դարձել ԳԱԿ Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Ռեժիսորի ներկայացումները ներառում են արվեստի տարբեր ձևեր՝ սինթեզելով ավանդական և ժամանակակից մոտեցումները, այդ թվում՝ ֆիզիկական թատրոնը, իմերսիվ և ինտերակտիվ թատերաձևերը, ժամանակակից պարը, երաժշտությունը և վիդեո արվեստը: Եղել է «Սիրո կամուրջ» հայկական առաջին մյուզիքլի բեմադրող ռեժիսորը։Բեմադրել է ավելի քան 50 ներկայացում, որոնցից են՝ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը», «Օֆելիայի ստվերների թատրոնը», «Խելագարի հիշատակարանը», «Յոթերորդ զգայարան», «LaVieEnRose/Ուրիշ պարեր», Ամանորի և Սուրբ Ծննդյան ներկայացումները և այլն։ Նրա վերջին գեղարվեստական նախագծերից երկուսը՝ «Art Alive/Շնչող արվեստ» և «Art Alive 2/Շնչող արվեստ 2», ունեցել են հազարավոր այցելուներ։ Եղել է առաջիններից, ով Հայաստանում զարկ է տվել ներառական մշակութային կրթությանը։ Բրիտանական Խորհրդի «Պար` առանց սահմանների» նախագծի շրջանակում 2013թ. ԳԱԿ Փոքր թատրոնում ստեղծվել է Հայաստանում առաջին ներառական պարային խումբը, որտեղ հաշմանդամություն ունեցող և չունեցող արտիստները պարել են կողք-կողքի։ Այդ ժամանակից ի վեր ԳԱԿ Փոքր թատրոնը ստեղծել է յոթ ներառական ներկայացում, այդ թվում՝ «SDD-Շեքսպիրի մեռած երազները», «LaVieEnRose/Ուրիշ պարեր», «Մի լքիր ինձ», «HIRAETH», «Զգացողությունների թանգարան», «Գույներ» բեմադրությունները, որոնք հարյուրավոր անգամներ ցուցադրվել են Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Իտալիայում և Շոտլանդիայում՝ ունենալով ավելի քան 15.000 հանդիսատես։ Ռեժիսորին արդրադարձել են «BBC»-ն և «BBC Sounds»-ը։ Երևանում հիմնել է Կատարողական արվեստների ներառական ուսումնական կենտրոն, որն անփոխարինելի դեր է խաղում հավասար հնարավորությունների ապահովման հարցում հաշմանդամություն ունեցող և չունեցող մարդկանց համար, որպեսզի նրանք ստանան բարձրորակ կրթություն կատարողական արվեստների ոլորտում։ Իր «Գույներ» ներկայացումը բեմադրել է ուսումնական կենտրոնի շրջանավարտների մասնակցությամբ։ Ղեկավարել է միջազգային մի շարք նախագծեր («Versiliadanza», Մանկական Եվրատեսիլ 2022թ., 2021թ., «ImPArt-Կատարողական արվեստները՝ վերափոխված անմիջական մատչելիության համար», «Պար՝ առանց սահմանների», «ShareMusic & Performing Arts» և այլն): Իտալիայի «Versiliadanza» մշակութային միության հետ ստեղծել է երկու ներկայացում՝ «7-րդ զգայարանը» (2009թ.) և «SDD-Շեքսպիրի մեռած երազները» (2015թ.)։ ԳԱԿ Փոքր թատրոնի արտիստների հետ շրջագայել է աշխարհով մեկ՝ Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից, Շվեդիայից, Ավստրիայից, Ռումինիայից, Սլովենիայից, Հունգարիայից, Միացյալ Թագավորությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից մինչև Ռուսաստան, Ղազախստան և Վրաստան։ Ներկայացումներ է բեմադրել Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում («Սիրո կամուրջ») և Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում («Մակբեթ»), Աթենքի ազգային օպերային թատրոնում («Փոքրիկ իշխանը»), Ֆլորենցիայի Goldoni և Cantiere Florida թատրոններում («Յոթերորդ զգայարան», «Խելագարի հիշատակարանը»), Վենետիկի և Սալերնոյի մշակույթի տանը («Յոթերորդ զգայարան»), Միլանի Sala Fontana թատրոնում («Շեքսպիրի մեռած երազները»), Վենետիկի Fondamenta թատրոնում («Յոթերորդ զգայարան»), Լյուբլյանայի Cankarjev Dom մշակութային տանը («Յոթերորդ զգայարան»), Բոստոնի Չարլզթաունի աշխատանքային թատրոնում («Յոթերորդ զգայարան»), Մոսկվայի Մեյերհոլդի մշակութային կենտնորում («Օֆելիայի ստվերների թատրոնը»), Գլազգոյի Տրամվայ արվեստի կենտրոնում («Hiraeth») և այլն։ Արժանացել է ազգային և միջազգային մի շարք մրցանակների՝ Տարվա լավագույն երիտասարդ ռեժիսոր, Տարվա լավագույն ռեժիսոր, Տարվա լավագույն նախագիծ, Տարվա լավագույն ներկայացում անվանակարգերում («Արտավազդ» ամենամյա ազգային թատերական մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիր 2007թ., 2015թ. և 2017թ., Թատերական նախաձեռնություններին աջակցող «Action» հիմնադրամի դափնեկիր 2017թ., ՀայՖեստ միջազգային թատերական փառատոնի մրցանակակիր 2006թ., 2007թ., «Վահագն» թատերական մրցանակ 2001թ. և այլն)։ Դասավանդել և վերապատրաստումներ է անցկացրել Հայաստանի և արտերկրի պետական և մասնավոր ուսումնական հաստատություններում՝ ԳԱԿ Փոքր թատրոնի ստուդիա, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, AltriOrizzonti, Դիլիջան համայնքային կենտրոն, «Կանդուկո» պարային խումբ, «ԱՅԲ» դպրոց, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» և այլն: Արվեստի միջազգային ասոցիացիաների և ցանցերի անդամ է (Եվրոպական մշակութային պառլամենտ, IETM, Համաշխարհային ներառական պարային ասոցիացիա): 2020թ-ից ղեկավարում է Երևանի Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը: 2014թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։