Ծնվել է 1933թ. սեպտեմբերի 11-ին, Ախալցխա քաղաքում։ 1957թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1965-80թթ աշխատել է ՀՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտում, 1966թ-ից, միաժամանակ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, որտեղ 1980թ-ից եղել է ընդհանուր պատմության ամբիոնի վարիչը, 1987թ-ից՝ պրոռեկտորը, 1990-91թթ՝ ռեկտորի պաշտոնակատարը: 1975թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1979թ-ից՝ պրոֆեսոր): 1992-98թթ եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առաջին արտակարգ ու լիազոր դեսպանը և մեծ նպաստ բերել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը։ 1998թ-ից եղել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչը, 2001թ-ից, միաժամանակ՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչը։ Նրա աշխատությունները վերաբերում են Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների պատմության հիմնախնդիրներին։ 1984թ. լույս է տեսել նրա «Իրանը առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և պատերազմի տարիներին» մենագրական ուսումնասիրությունը։ 1999թ. հրատարակվել է «Իրանն այսօր» ծավալուն աշխատությունը, որտեղ լուսաբանվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական, տնտեսական, ռազմական ու մշակութային կյանքի բազմապիսի խնդիրները։ 2005թ. լույս է տեսել նրա Իրանի պատմություն (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը) աշխատությունը, որը շահել է «Հայ օգնության ֆոնդի» (ԱՄՆ) դրամաշնորհը։ 2006թ. լույս է տեսել այդ աշխատության երկրորդ լրամշակված հրատարակությունը։ Եղել է քուրդ ժողովրդի պատմության և հատկապես հայ-քրդական հարաբերությունների բնագավառում ճանաչված մասնագետ։ Այդ թեմայով գրել է մենագրություններ՝ «Հայ-քրդական հարաբերությունները Օսմանյան կայսրությունում 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին» (1989թ.) և «Քրդերը, Հայկական հարցը և հայ-քրդական հարաբերությունները պատմության լույսի ներքո» (2008թ.)։ Հեղինակել է նաև բազմաթիվ հոդվածներ՝ «Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ» բազմահատորյակում։ Արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալի, ԵՊՀ ոսկե մեդալի և պատվոգրի, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ հատուկ դիպլոմի, Ռուսաստանի հայերի միության մեդալի, Իրանի Իսլամական Հանրապետության «Հեղափոխության արշալույսը» ոսկե մեդալի, ՀՀ արտաքին գործերի նախարարություն հուշամեդալի, «Մանկավարժական համալսարան» մեդալի, 2015թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: