Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1938թ. ավարտել է Երևանի ուսուցչական ինստիտուտը, 1942թ.` Լենինգրադի Ռեպինի անվան ինստիտուտի արվեստաբանության ֆակուլտետը: 1943-54թթ աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում, որտեղ 1951թ. եղել է տնօրենը: 1945-51թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1955-61թթ աշխատել է «Սովետական արվեստ» հանդեսում, 1960թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որտեղ 1970-90թթ տարբեր տարիների եղել է արվեստի ամբիոնի վարիչը, 1987թ.` պրոֆեսոր: Բազմաթիվ գիտական հոդվածների, մենագրությունների, պիեսների և սցենարների հեղինակ է: Ռուսերենից կատարել է մի շարք պիեսների և դասագրքերի թարգմանություններ: Գիտական ուսումնասիրությունները նվիրված են հայ արվեստի, հատկապես` հայ կերպարվեստի նոր շրջանի պատմությանը, խնդիրներին, գործիչներին, հայ արվեստագիտական տերմինաբանությանը, հայ-ռուսական արվեստների փոխհարաբերությունների պատմությանը: Հայաստանում առաջինն է ձեռնարկել սփյուռքահայ կերպարվեստի պատմության գիտական ուսումնասիրությունը, տպագրել հոդվածներ սփյուռքահայ արվեստագետների մասին: 1958թ. «Սովետահայ կերպարվեստը 1920-1925թթ» մենագրության համար նրան շնորհվել է արվեստագիտության թեկնածուի աստիճան: Մենագրություններից են` «Հայ կերպարվեստի տերմինաբանական հարցերը» (1955թ.), «Հայ նկարիչների անդրանիկ միավորումը» (1956թ.), «Լենինյան մոնումենտալ պրոպագանդան Հայաստանում» (1957թ.), «Մեր ժամանակակիցը» (1958թ.), «Տաթևիկ Սազանդարյան» (1959թ.), «Վարդգես Սուրենյանց» (1960թ.), «Միասնական, բայց ոչ միատար» (1966թ.), «Արձանագործ Տիգրան Դավթյան» (1968թ.), «Հայկական ԽՍՀ կերպարվեստը» (1972թ.), «Արա Սարգսյան» (1975թ.), «Գառզու» (1987թ.): Նորովի գրել է Տ.Չուխաճյանի «Զեմիրե» և «Կարինե» (Լեբլեբիջի) օպերաների լիբրետոները: Մի շարք հանրահայտ և սիրված երգերի տեքստերի հեղինակ է, որոնցից են` «Իմ Երևան», «Սիրո երգ» («Առաջին սիրո երգը» կինոնկարից), «Սերենադ» («Երևանի սիրուն աղջիկ»), «Քարավան», «Տավիղ», «Ղափամա» և ալն։ Եղել է Հայաստանի նկարիչների և ԽՍՀՄ ժուռնալիստների միությունների անդամ: 1985թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: