Zark Foundation

Վահան Միրաքյան

Վահան Միրաքյան

Բանաստեղծ, դրամատուրգ

6 նոյեմբեր, 1866 - 21 մարտ, 1942

Ծնվել է Վրաստանի Շուլավեր (Շահումյան) գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Սանահինի Սբ. Աստվածածին վանքի դպրոցում, 1880-86թթ՝ արհեստավորաց դպրոցում։ 1888թ. ավարտել է Գորիի ուսուցչական սեմինարիան, 1889թ-ից ուսուցչություն է արել Շուլավերում, Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան), Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Նուխիում, Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով), Թիֆլիսում։ 1924թ. տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Ձերժինսկու անվան դպրոցում, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1887թ. «Աղբյուր» ամսագրում տպագրվել է նրա առաջին բանաստեղծությունը («Երեք վարդ»)՝ Կոնո ծածկանունով, այնուհետև, 1896թ-ից հրատարակվել են «Առվակները», «Սայլորդի երգը», «Եփրատի կույսը», «Հիվանդ մշակը», «Գեղջուկի հրաժեշտը», «Վերջին հույս» և այլ բանաստեղծություններ, որոնց մեջ տվել է ժամանակի դաժան իրականության պատկերը։ 1901թ. «Մուրճ» ամսագրում լույս է տեսել «Լալվարի որսը» հայտնի պոեմը, որտեղ հեղինակը գեղարվեստական ցայտուն արտահայտչամիջոցներով նկարագրել է նահապետական գյուղի կենցաղը, կյանքն ու սովորույթները։ «Լալվարի որսի» տեքստով գրվել են երգեր, պիես, օպերա, ստեղծվել է կինոնկար։ Պոեմը թարգմանվել է պարսկերեն։ Նրա «Մանուշի հարսանիքը» (1927թ.), «Նոր գյուղի շեմքին» (1927թ.), «Խոզարածի կինը» (1928թ.) պիեսները նվիրված են գյուղի սոցիալիստական վերակառուցմանը և դրա հետ կապված դժվարություններին։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Գրել է նաև մանկական պատմվածքներ։ Մահացել է Թբիլիսիում, թաղված է Երևանում: