Zark Foundation

Վահան Ռշտունի

Վահան Ռշտունի

Պատմաբան

6 փետրվար, 1894 - 4 փետրվար, 1970

Ծնվել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին): 1915թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1924թ.՝ Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1915-19թթ զբաղվել է ուսուցչությամբ, դասավանդել է Թավրիզի, ապա Ախալցխայի, Սուխումի, Թիֆլիսի հայկական դպրոցներում։ 1924թ-ից դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ 1931թ. հիմնել և մինչև կյանքի վերջը ղեկավարել է նույն համալսարանի ԽՍՀՄ պատմության ամբիոնը։ Եղել է պատմության ֆակուլտետի դեկանը, ուսումնական մասի վարիչը, գիտական աշխատանքների բաժնի ղեկավար և այլն։ Աշխատել է Արմֆանում, ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտում։ Հայ պատմագիտության մեջ առաջինն է ուսումնասիրել ցարիզմի ագրարային քաղաքականությունը և գյուղացիական շարժումները Հայաստանում, հրատարակել արժեքավոր մենագրություններ և արխիվային վավերագրերի ժողովածուներ։ Նրա գրչին են պատկանում նաև արևելահայ հասարակական-քաղաքական մտքի պատմությանը վերաբերող մի շարք աշխատություններ: 1952-53թթ հալածվել է «Միասնական հոսանք»-ին պատկանելու մեղադրանքով, սակայն չի հրաժարվել իր սկզբունքներից: Հեղինակել է շուրջ 40 աշխատություն: Առանձնապես արժեքավոր են նրա «Գյուղացիական ռեֆորմը Հայաստանում 1870թ.» (1947թ.), «Գյուղացիական շարժումները Հայաստանում 19-րդ դարում» (1948թ., ռուսերեն), «Ուրվագծեր Հայաստանի գյուղացիության պատմության (1828-1917թթ)» (3 մասով, 1960թ., 1968թ.), «Հայ հասարակական հոսանքները և 1861, 1864, 1870թթ գյուղացիական ռեֆորմը» (1956թ.), «Հայ հասարակական հոսանքների պատմությունից. 19-րդ դարի 2-րդ կես, հետռեֆորմյան շրջան» (1956թ.) ծավալուն աշխատությունները: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 20 ատենախոսություն։ 1956թ. պարգևատրվել է Լենինի շքանշանով։ 1941թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1943թ-ից՝ պրոֆեսոր): 1956թ-ից եղել է ՀՀ ԳԱ թղթակից-անդամ։ 1946թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում: Ռշտունու անունով է կոչվել Երևանի պետական համալսարանի ԽՍՀՄ պատմության ամբիոնի գիտական կաբինետ-ընթերցասրահը։