Ծնվել է 1952թ. մարտի 25-ին, Վրաստանի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում: 1975թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկական մաթեմատիկայի ֆակուլտետը: 1975-89թթ եղել է Ատոմակայանների շահագործման ՀամԳՀԻ Երևանի մասնաճյուղի գիտաշխատող: 1998-2003թթ աշխատել է ՀՀ ՊՆ լրատվության ու քարոզչության վարչությունում, 2003թ-ից` «Ջավախք» հայրենակցական միության «Ասպնջակ» (2006թ-ից` «Հայրենիք») պաշտոնաթերթում` որպես խմբագիր: Հրատարակվել են նրա «Տոհմի կանաչ ծառը» (1988թ.), «Արնախաչ» (1994թ.), «Կարմիր մայրամուտ» (2004թ.), «Ու կյանքը ձգվում է մահվան միջով» (2005թ.), «Տասներկու պատմվածք» (2010թ.) պատմվածքների ժողովածուները: 1988թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Նրա պատմվածքները պարբերաբար տպագրվել են հանրապետական մամուլում, գրական հանդեսներում: Նրա սցենարներով նկարահանվել են վավերագրական ֆիլմեր: 2004թ. արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի («Կարմիր մայրամուտ» ժողովածուի համար), 2011թ.՝ Մկրտիչ Սարգսյանի անվան մրցանակի («Երեք վիպակ» գրքի համար)։